Շալվա Պապուաշվիլի. ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից վրացական ցորենի ճանաչումը հնարավորություն է ավելի շատ խոսելու այն մասին, թե ովքեր էինք մենք երեկ, ովքեր ենք այսօր և ովքեր կարող ենք լինել վաղը
«Վրացական ցորենի ճանաչումը հնարավորություն է՝ առավել մանրամասն խոսելու այն մասին, թե ովքեր ենք եղել երեկ, ովքեր ենք այսօր և ով կարող ենք լինել վաղը։ Մեր ժառանգությունը պահանջում է ոչ միայն պահպանում և հոգածություն, այլ նաև կիրառություն՝ առօրյայից չվերանալու նպատակով, որպեսզի այն փոխանցենք ապագա սերունդներին։ Փոխանցենք կենդանի, բովանդակային կերպով, որպեսզի դրա միջոցով նրանք լուսավորեն այն դժվար օրերը, որոնք յուրաքանչյուր սերունդ պիտի հաղթահարի», – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում անցկացված «Հացն՝ որպես մեր գոյության հիմք. վրացական ցորենի մշակույթը, ավանդույթը և ինքնությունը» թեմայով կոնֆերանսում։
Նրա խոսքով՝ «ՅՈւՆԵՍԿՕ-ի այս ճանաչումը միևնույն ժամանակ հիշեցնում է, թե որքան հարուստ է մեր ազգի մշակութային ժառանգության ցուցակը, որն այժմ էլ սպասում է ՅՈւՆԵՍԿՕ-ի ուշադրությանը»։
«Այսօր մենք ծանոթ կլինենք այդ երկար և բարդ գործընթացին, աշխատանքին, որը Վրաստանը իրականացրեց այս կարգավիճակը ստանալու համար։ Մենք հասարակությանը ներկայացնելու ենք այս պատվավոր և հպարտության առիթ տվող կարգավիճակի կարևորությունը, ինչը շատ արդյունավետ միջոց է՝ խոսելու վրացական մշակույթի, պատմության և ինքնության մասին։ Ավելին՝ մեր ժողովրդի պատմական ձեռքբերումների և մարդկության հանդեպ ունեցած վաստակի այսպիսի համընդհանուր ճանաչումը մեզ պարտավորեցնում է նայել առաջ և վստահորեն հնչեցնել հարցը՝ էլ ինչ կարող ենք մենք ցույց տալ աշխարհին մեր անսպառ մշակութային ժառանգությունից։ Ցավոք, հաճախ լինում են դեպքեր, երբ մարդը ամաչում է կամ անարժեք է համարում իր սեփական, հայրենական մշակույթը և նախանձով է նայում օտարին, օտար մշակույթի ձեռքբերումներին։ Ոմանք այդ գործընթացում ձգտում են մոռացության մատնել սեփականը և փոքրացնել այն, իսկ օտարը՝ բարձրացնել և յուրացնել։ Նախընտրում են լինել պատճեն, ոչ թե ինքնատիպ», – ասել է Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ 2026 թվականին Վրաստանը նշելու է քրիստոնեության պետական կրոն հռչակվելու 1700-ամյակը, և հենց քրիստոնեության հետ է կապվում վրաց ազգի պատմությունն ու այն ամբողջ ժառանգությունը, որը վրացիներն ստեղծել են քրիստոնեական հավատքի ներշնչմամբ։
«Ոչինչ այնքան վառ չի ցույց տալիս վրաց ժողովրդի քրիստոնեական ձգտումները, որքան աստվածային լիտուրգիայի տեղափոխումը վրացական սեղանին և սաղմոսների՝ կենացների, դրանց հերթականության պահպանման ու օրհնության ձևով՝ Աստծո փառաբանումը առօրյա կյանքի մեջ ներգրավելը։ Այն պայմաններում, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ն հացը և գինու ավանդույթը ճանաչել է որպես վրացական մշակութային ժառանգություն, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի վրացական սեղանն ու պուրոբան (հացակերությունն)՝ որպես յուրօրինակ հատկություններ և մշակութային ավանդույթներ, դառնան Վրաստանի ևս մեկ այցեքարտ ողջ աշխարհի հետ մշակութային և մարդկային հարաբերություններում», – ընդգծել է Պապուաշվիլին։
Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վրացական ցորենի ճանաչման գործընթացին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց ու հաստատություններին, որոնց ջանքերով հնարավոր դարձավ այս ճանաչումը։ Գիտնականներին, ովքեր ուսումնասիրեցին և հիմնավորեցին վրացական ցորենի ավանդույթի յուրահատկությունը։ Մշակույթի, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին, ովքեր հաջողությամբ վարեցին գործընթացը ՅՈւՆԵՍԿՕ-ի և նրա անդամների հետ՝ այս ավանդույթի եզակիությունը ճանաչելու ուղղությամբ», – նշել է խորհրդարանի նախագահը։
Կոնֆերանսին մասնակցել են Վրաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, պատրիարքարանի ներկայացուցիչներ, գյուղատնտեսության ոլորտի փորձագետներ և փոքր ձեռնարկատերեր։