Շալվա Պապուաշվիլի. Նրանք գեղեցիկ խոսքերով ասում են, որ Ուկրաինան Եվրամիության առաջնագիծն է, բայց չեն ուզում սեփական արյունը թափել, եթե մենք գործեինք Բրյուսելի հրահանգների համաձայն, մենք կլինեինք ավերված երկիր
Շալվա Պապուաշվիլի. Նրանք գեղեցիկ խոսքերով ասում են, որ Ուկրաինան Եվրամիության առաջնագիծն է, բայց չեն ուզում սեփական արյունը թափել, եթե մենք գործեինք Բրյուսելի հրահանգների համաձայն, մենք կլինեինք ավերված երկիր

Մենք առաջնորդվեցինք Վրաստանի ազգային շահերով և ոչ թե Բրյուսելի ցուցումներով, որոնց հետևելու դեպքում այսօր կդառնայինք տնտեսական և ֆիզիկական առումով փլուզված երկիր, – այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին գրել է սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ ոչ ոք Վրաստանի շահերը սեփականից բարձր չի դնի։

«Այս աղյուսակներում ներկայացված է Վրաստանի և Մոլդովայի տնտեսական աճի համեմատությունը 2021-2024 թվականներին։ Երբ 2021 թվականին Մոլդովան 13.9% տնտեսական աճով ավելի հաջող դուրս եկավ «կովիդով» պայմանավորված տնտեսական անկումից, պատերազմի սկսվելուց անմիջապես հետո հայտնվեց սուր տնտեսական ստագնացիայում՝ զրոյից ցածր և զրոյի մոտ ցուցանիշներով։

Երբ 2021-ին Վրաստանի բյուջեն Մոլդովայի բյուջեն գերազանցում էր 2.4 միլիարդ դոլարով, ապա 2025 թվականին մեր բյուջեն արդեն գերազանցելու է մոլդովականին 4.8 միլիարդ դոլարով, այսինքն՝ հինգ տարվա ընթացքում մենք կրկնապատկել ենք բյուջետային տարբերությունը։

Եվ այս ամենը՝ այն ժամանակ, երբ Մոլդովային տրվեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ, բանակցությունների հնարավորություն, «երկնային մանանա» խոստացան, նույնիսկ փորձում են մեզ ներկայացնել որպես զարգացման օրինակ, մինչդեռ մեզ դարձրել են անարդար հարձակումների և խորհրդային ոճի սպառնալիքների թիրախ։

Ի՞նչ է տեղի ունեցել։ Ի՞նչ արեցինք կամ չարեցինք մենք, որի արդյունքում տնտեսական աճով դարձանք առաջատար եվրոպական բոլոր երկրների համեմատ, մինչդեռ Մոլդովան հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամի մեջ։

Պատասխանն ակնհայտ է. մենք առաջնորդվեցինք Վրաստանի ազգային շահերով և ոչ թե Բրյուսելի ցուցումներով, որոնց հետևելու դեպքում այսօր կդառնայինք տնտեսական և ֆիզիկական առումով փլուզված երկիր։

Այս պատմությունը պետք է դաս լինի բոլորի համար՝ հասկանալու, որ ոչ ոք մեր երկրի շահը չի դնի սեփական շահից վեր։ Այդ դասը մենք ստացանք, երբ Կիևը պաշտոնապես խնդրեց մեզ ուղարկել մարտիկներ։ Այդ դասը ստացանք, երբ Բրյուսելը պահանջեց փակել սահմանի անցակետերը Ռուսաստանի հետ։ Եվ այդ դասը շարունակում ենք ստանալ, երբ գեղեցիկ խոսքերով ասում են, որ Ուկրաինան ԵՄ-ի առաջնագիծն է, բայց այդ առաջնագծում իրենք չեն ցանկանում թափել սեփական արյունը», – գրել է Շալվա Պապուաշվիլին։