Շալվա Պապուաշվիլի. Գերմանիայի կառավարությունը ռեկորդային գումար է ծախսել Վրաստանում գործող «ՀԿ-ների» վրա, որը թաքցնում է վրաց ժողովրդից և Գերմանիայի խորհրդարանից, սա ցնցող ցածր չափանիշ է
«Գերմանիայի կառավարությունը Վրաստանում անցյալ տարի ռեկորդային գումար է ծախսել ՀԿ-ների վրա և դա թաքցնում է վրաց ժողովրդից, իշխանությունից, Գերմանիայի խորհրդարանից և ժողովրդից. զարմանալի է այսպիսի ցածր ստանդարտը և թափանցիկության բացակայությունը, որն ակնհայտ է այս նամակից», – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Գերմանիայից ֆինանսավորվել են այն ՀԿ-ները, որոնք Վրաստանում ցանկանում էին հեղափոխություն և իշխանափոխություն կազմակերպել։
«Զարմանալի է Գերմանիայի կառավարության արձագանքը՝ ուղղված Գերմանիայի խորհրդարանին։ Եթե նման բան տեղի ունենար մեզ մոտ, և ընդդիմությունը հարց ուղղեր կառավարությանը, իսկ կառավարությունը պատասխաներ, թե ունի տվյալներ, բայց թաքցնում է, պատկերացնում եմ, ինչ աղմուկ կբարձրանար ընդդիմության, արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ների և որոշ դեսպանների կողմից։ Կհայտարարեին, որ սա թափանցիկության և հաշվետվողականության խախտում է։ Մենք ականատես եղանք, որ պատգամավորական հարցման պատասխան տալու փոխարեն Գերմանիայի կառավարությունը թաքցրել է տեղեկատվությունը խորհրդարանի անդամից՝ այն կուսակցության ներկայացուցչից, որն այսօր Գերմանիայում ամենամեծ աջակցությունն ունի։ Այսպիսով, երբ խոսում են թափանցիկության և հաշվետվողականության մասին, նկատի ունեն միայն ուրիշներին՝ իրենց բացառելով այդ պարտավորությունից։ Սա լիովին անընդունելի և սարսափելի է՝ ինչ հիմքով է կառավարությունը թաքցնում տեղեկությունը սեփական վերահսկող մարմնից։ Որպես պատճառ նշվում է, իբր Վրաստանում ՀԿ-ները հետապնդվում են և պետք է պաշտպանվեն։ Սա բացարձակ անհեթեթություն է և ուղղակի պատրվակ՝ իրական տեղեկությունը թաքցնելու համար։ Այդ տեղեկատվության մի մասը երևում է ներկայացված բյուջեներում։ Ընտրական տարում՝ 2024-ին, Գերմանիայի բյուջեից ռեկորդային միջոցներ են հատկացվել վրացական ՀԿ-ներին, և բոլորս տեսանք, թե ինչ արեցին նրանք ընտրությունների ժամանակ։ Դա ուղղակի մասնակցություն էր քարոզարշավին, ընտրական խարդախություն և ընտրություններից հետո հեղափոխության ու իշխանափոխության փորձ՝ խորհրդարանի վրա հարձակում», – ասել է Պապուաշվիլին։
Նա նաև նշել է, որ մանիպուլյացիա է այն հայտարարությունը, թե որոշ հարցեր չեն բացահայտվում, քանի որ հարաբերությունները հիմնված են վստահության վրա։
«Հենց այսպես, անցյալ տարի Գերմանիայի կառավարությունը ռեկորդային գումար է ծախսել նման ՀԿ-ների վրա։ Նաև նշվում է, իբր վստահության վրա հիմնված հարաբերությունների պատճառով չեն բացահայտում որոշ հարցեր վերահսկող մարմիններին, ինչը մանիպուլյացիա է։ Գերմանիայի միջազգային օգնության քաղաքականության մեջ իսկապես օգտագործվում է «վստահության վրա հիմնված հարաբերություններ» արտահայտությունը, սակայն դա վերաբերում է, նախևառաջ, Գերմանիայի և Վրաստանի կառավարությունների միջև։ Գերմանիայի քաղաքականությունը միշտ եղել է այն, որ գործողությունները իրականացվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա՝ ուղղակի համագործակցությամբ։ Այժմ պարզվում է, որ Գերմանիայի կառավարությունը նույնիսկ սեփական պատգամավորներից է թաքցնում տեղեկատվությունը, ոչ միայն վրաց ժողովրդից։ Սա ապացույց է, թե որքան կարևոր է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որովհետև տեսնում ենք անբարեխիղճ դոնորություն՝ և սա դրա վառ օրինակն է։ Երբ Գերմանիայի կառավարությունը Վրաստանում անցյալ տարի ռեկորդային գումար է ծախսել ՀԿ-ների վրա և թաքցրել դա բոլորից՝ վրաց ժողովրդից, իշխանությունից, Գերմանիայի խորհրդարանից և ժողովրդից։ Զարմանք է առաջացնում այն ցածր ստանդարտը և թափանցիկության բացակայությունը, որ նկատվում է այս գրությամբ», – ընդգծել է Շալվա Պապուաշվիլին։
Նշենք, որ երեկ հաղորդվեց՝ Գերմանիայի կառավարությունը հաստատել է Վրաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ֆինանսավորումը, սակայն չի հրապարակել այդ կազմակերպությունների անունները։ ՀԿ-ների ֆինանսավորման և այդ գործընթացում Գերմանիայի դեսպանատան ու դեսպան Պետեր Ֆիշերի մասնակցության մասին հարցերով Գերմանիայի կառավարությանը դիմել էր «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։