Սերգեյ Լավրով․ Ռուսաստանը կշարունակի լայնածավալ հարվածներ հասցնել Ուկրաինայի այն օբյեկտներին, որոնց վիճակից կախված է նրանց զինված ուժերի մարտունակությունը

19:03, 18.06.2026

Ռուսաստանը կշարունակի զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի այն օբյեկտներին, որոնց վիճակից կախված է Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը։ Այս մասին Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ հարցին ի պատասխան հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Կիևի ռեժիմի կողմից Մոսկվայի մարզի վրա իրականացված հարձակմանը պետք է հաջորդեն պատասխան իրական քայլեր։

«Պատահական չէ, որ նախագահը վերջերս՝ կիևյան ահաբեկչի հերթական արարքից հետո, հայտարարեց, որ մենք կանոնավոր կերպով զանգվածային խմբակային հարվածներ կհասցնենք այն թիրախներին, որոնց վիճակից ուղղակիորեն կախված է Ուկրաինայի զինված ուժերի մարտունակությունը։ Այդ խնդիրը դրել է գերագույն գլխավոր հրամանատարը, մեր զինված ուժերը կատարում են այն և կշարունակեն կատարել։ Կարծում եմ՝ բոլոր ճիշտ խոսքերն արդեն ասվել են, բայց ես վաղուց համոզված եմ, որ միայն խոսքերը բավարար չեն»,- հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Տեղեկության համար նշենք, որ հունիսի 18-ին Մոսկվան դարձել է վերջին երկու տարվա ընթացքում անօդաչու թռչող սարքերով իրականացված ամենազանգվածային հարձակման թիրախը։ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերի հայտարարության համաձայն՝ խոցվել է շուրջ 200 անօդաչու թռչող սարք։

Նմանատիպ