Սերդար Բերդիմուհամեդով. Վրաստանը Թուրքմենստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, Թուրքմենստանը գնահատում է Վրաստանի կառուցողական դիրքորոշումը միջազգային մակարդակում
Վրաստանը Թուրքմենստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, Թուրքմենստանը բարձր է գնահատում Վրաստանի կողմից միջազգային մակարդակով որդեգրած կառուցողական դիրքորոշումը, – այս մասին հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ կայացած ճեպազրույցի ժամանակ։
Սերդար Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին և նշել, որ հանդիպմանը ուշադրության կենտրոնում է եղել երկու երկրների հարաբերությունները որակական նոր մակարդակի բարձրացնելու հարցը։
«Մենք արդեն ավարտեցինք հանդիպումը վարչապետի հետ։ Ունեցանք բարեկամական և կառուցողական զրույց։ Վերահաստատվեց, որ Թուրքմենստանի և Վրաստանի միջև համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում, ինչի համար երկու կողմերն էլ հանձնառություն ստանձնեցին։ Պայմանավորվեցինք ընդլայնել քաղաքական հարաբերությունները, համագործակցությունը և դիվանագիտական ջանքերը, որպեսզի մեր գործընկերությունը շարունակվի երկարաժամկետ հեռանկարում։ Վրաստանը Թուրքմենստանի գլխավոր տնտեսական գործընկերն է։ Թուրքմենստանը բարձր է գնահատում Վրաստանի կողմից միջազգային մակարդակով որդեգրած կառուցողական դիրքորոշումը և նշում, թե որքան կարևոր ներդրում ունի Վրաստանը դրական զարգացումների տեսանկյունից։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի վարչապետին և իմ առանձնահատուկ երախտագիտությունը հայտնել նրան։ Ուրախ ենք, որ ընդլայնվում են միջազգային կազմակերպությունների, հատկապես ՄԱԿ-ի հետ համագործակցության մեխանիզմները։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց մեր հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելուն։ Այցի շրջանակներում կայացած թուրքմենա-վրացական գործարար համաժողովում քննարկեցինք տարբեր հարցեր, այդ թվում՝ առևտրի ծավալների ավելացումը։ Սա մեր համագործակցության ոլորտներից է։ Մենք առանձնակի նշանակություն ենք տալիս գործարար հարաբերությունների և տնտեսական համագործակցության ամրապնդմանը։ Ցանկանում ենք մեր տնտեսական կապերն էլ ավելի բազմազան դարձնել։
Հարավային Կովկասը Կասպից և Կովկասի երկրների միջև անցնող երթուղու մի մասն է, և այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ մեր համատեղ տրանսպորտային և լոգիստիկ պորտֆելը ներառում է շատ հուսադրող նախագծեր, ինչպիսին է, օրինակ, Լապիս Լազուլին՝ նույն ինքը Լազուրիտե միջանցքը, որում ներառված են նաև Աֆղանստանը, Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև Կասպից և Սև ծովերի միջանցքը, որն ընդգրկում է Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան։
Մեր երկրները մասնակցում են ՏՐԱՍԵԿԱ տրանսպորտային միջանցքին, և մենք պայմանավորվեցինք շարունակել աշխատանքը այս նախագծերի շրջանակներում ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ համագործակցել մյուս մասնակից կողմերի հետ։ Արդեն իսկ լուրջ բանակցություններ են ընթանում Կասպից և Սև ծովերի նավահանգիստների ենթակառուցվածքների օգտագործման շուրջ՝ երկկողմ օգուտներ ստանալու նպատակով։ Մենք ցանկանում ենք, որ գործընկերություն հաստատվի էներգետիկայի, հեռահաղորդակցության, արդյունաբերության, արտադրության, տեքստիլի, շինարարության և շատ այլ ոլորտներում», – հայտարարել է Սերդար Բերդիմուհամեդովը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, թուրքմեն և վրացի ժողովուրդները միմյանց հետ կապված են արդեն շատ վաղուց։
«Մեր ժողովուրդներն ունեն բազմամյա պատմական կապեր, և այսօր այդ հարաբերությունները թևակոխում են նոր փուլ։ Առանձնահատուկ նշանակություն ենք տալիս հումանիտար հարցերում աշխատանքին։ Պայմանավորվեցինք լիակատար աջակցություն ցուցաբերել մեր ժողովուրդների ցանկությանը՝ էլ ավելի մոտիկից ծանոթանալու միմյանց հարուստ մշակույթին և ժառանգությանը։ Ցանկանում ենք նաև պայմաններ ստեղծել ստեղծագործական համագործակցության համար արվեստի ոլորտում։
Կարևոր է նաև գիտական և կրթական ոլորտներում, այդ թվում՝ համալսարանների միջև համագործակցության խորացումը։ Այս հարցերը նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում բանակցային այն փաթեթում, որն ստորագրվեց այցի շրջանակներում։ Այս այցը խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ համընկնում է Թուրքմենստանի և Վրաստանի միջև դիպլոմատիկ հարաբերությունների հաստատման 35-ամյակի հետ։ Շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն վարչապետ, այս կարևոր տսրեդարձի կապակցությամբ։ Մենք շատ գոհ ենք Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների արդյունքներից և այն համաձայնություններից, որոնց այսօր հասանք։ Վստահ ենք, որ սա էլ ավելի կամրապնդի համագործակցությունը Թուրքմենստանի և Վրաստանի միջև։ Ցանկանում եմ Վրաստանի բարեկամ ժողովրդին մաղթել խաղաղություն, բարօրություն և հաջողություններ», – հայտարարել է Սերդար Բերդիմուհամեդովը։
Նյութը պատրաստվել է սինխրոն թարգմանության հիման վրա: