Սերբիայում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել կառավարության դեմ բողոքի ցույցերի ժամանակ
Սերբիայում տեղի է ունեցել բախում ոստիկանության և ցուցարարների միջև։ Բելգրադում ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել հակակառավարական ակցիայի մասնակիցներին ցրելու համար, իսկ ցուցարարները իրավապահներին են նետել հրավառ նյութեր։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, ցուցարարները տեղական ժամանակով մոտավորապես երեկոյան 08:00-ին հավաքվել են Զինված ուժերի շտաբի շենքի մոտ։ Մի քանի ժամ անց նրանք սկսել են հրավառ նյութեր արձակել ոստիկանության ուղղությամբ։ Ակցիայի մասնակիցները հրկիզել են աղբամաններ։
Բողոքի ցույցեր անցկացվել են նաև այլ քաղաքներում, այդ թվում՝ Նովի Սադում, Նիշում և Վալևոյում։
Իրավապահները Նիշում ևս օգտագործել են արցունքաբեր գազ՝ ցուցարարներին ցրելու համար։
Սերբիայում բողոքի ցույցերը սկսվել են անցած տարվա նոյեմբերից, երբ Նովի Սադ քաղաքի նորոգված երկաթուղային կայարանի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 16 մարդ։ Ցուցարարները կատարվածը կապում են կոռուպցիայի հետ և պահանջում են արտահերթ ընտրություններ։