Սերբիայում հակակառավարական և կառավարամետ ցույցեր են անցկացվել
Հազարավոր ուսանողներ բողոքի երթ են անցկացրել Սերբիայի Կրագուևաց քաղաքի փողոցներով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Միջազգային գործակալության փոխանցմամբ՝ Բելգրադից Կրագուեւաց քաղաք են ժամանել բազմաթիվ քաղաքացիներ։ Որոշ ակտիվիստներ մի քանի օր քայլել են մայրաքաղաքից, ինչպես նաև Նովի Սադից և Նիշից։ Ցուցարարները փակել են քաղաքի գլխավոր պողոտան և 15 րոպե լռությամբ հարգել են 15 մարդկանց հիշատակը, ովքեր զոհվել են 2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադ կայարանի տանիքի փլուզման հետևանքով։
Սերբիան փետրվարի 15-ին նշում է պետականության օրը։ Այս կապակցությամբ ուսանողները ծածանել են ազգային դրոշներ։
Միաժամանակ Սրեմսկա Միտրովիցա քաղաքում կառավարության աջակիցների բազմահազարանոց ցույց է անցկացվել։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, ավտոբուսներով հանրահավաքին մարդկանց էին բերել երկրի ամբողջ տարածքից, ինչպես նաև Սերպկայի Հանրապետությունից (Բոսնիա և Հերցեգովինայի մաս):
Ի գիտություն, 2024 թվականի նոյեմբերի 1-ին փլուզվել է Նովի Սադի կենտրոնական երկաթուղային կայարանի շենքի բետոնե տանիքը։ Արդյունքում զոհվել է 15 մարդ։
Ողբերգական դեպքից անմիջապես հետո Բելգրադում բողոքի ցույցեր սկսվեցին, որոնք ժամանակի ընթացքում տարածվեցին Սերբիայի այլ քաղաքներում։ Ցուցարարները կառավարությանը կոչ են անում պատժել մեղավորներին։
Հունվարի 28-ին Սերբիայի վարչապետը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ինչպես նշել է Սերբիայի վարչապետը, այս որոշումը կապված է Նովի Սադում տեղի ունեցած ողբերգության հետ։