Սաուդյան Արաբիան 2 միլիարդ դոլար կներդնի Հալեպի երկու օդանավակայաններում
Սաուդյան Արաբիան Սիրիայում բացել է ներդրումային հիմնադրամ, որը երկու միլիարդ ԱՄՆ դոլար կհատկացնի Սիրիայի Հալեպ քաղաքում երկու օդանավակայանների զարգացման համար։
Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ներդրումների նախարար Խալիդ ալ-Ֆալիհը։
Ալ-Ֆալիհը նշել է, որ հիմնադրամը նպատակ ունի ֆինանսավորել Սիրիայում լայնածավալ նախագծեր՝ մասնավոր հատվածի ներդրողների մասնակցությամբ։
Բացի այդ, «Ռոյթերս»-ի հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայի բյուջետային ավիաընկերությունը՝ Flynas-ը, և Սիրիայի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը ստորագրել են համաձայնագիր նոր ավիաընկերության՝ Flynas Syria-ի ստեղծման վերաբերյալ։ Ընկերության տվյալներով՝ սիրիական կողմին կպատկանի 51 տոկոսը, իսկ 49 տոկոսը՝ Flynas-ին։ Թռիչքների մեկնարկը նախատեսվում է 2026 թվականի չորրորդ եռամսյակում։