Սամտրեդիա-Գրիգոլեթի արագընթաց մայրուղու հավելյալ 6 կիլոմետրանոց հատվածում երթևեկությունը բացվել է
Սամտրեդիա–Գրիգոլեթի արագընթաց մայրուղու երրորդ՝ 12 կիլոմետրանոց հատվածի շինարարությունն ավարտվել է, և ավտոտրանսպորտային երթևեկությունն ամբողջությամբ բացվել է։
Նշված հատվածի առաջին՝ Լանչխութի–Լեսա 6 կիլոմետրանոց մասը ավտոտրանսպորտի համար բացվել էր 2025 թվականի վերջին, իսկ այս փուլում շահագործման է հանձնվել նաև մնացած 6 կիլոմետրը։
Ծրագրի շրջանակներում կառուցվել է 12 կիլոմետրանոց, 4-գոտիանի ասֆալտապատ-բետոնե ճանապարհ, 6 կամրջային անցում, 2 տրանսպորտային հանգույց, ինչպես նաև կազմակերպվել են անասունների անցումներ և տեղական նշանակության ճանապարհներին միացնող դաշտային ելքեր։
Նոր ճանապարհն անցնում է Գուրիայի տարածաշրջանում՝ Լանչխութի քաղաքի և Լանչխութի մունիցիպալիտետի Գվիմբալաուրի, Քվեմո Չիբաթի և Նիգոեթի գյուղերի տարածքով։
Սամտրեդիա–Գրիգոլեթի 52 կիլոմետրանոց մայրուղին կառուցվում է չորս հատվածով։ Այս պահի դրությամբ երթևեկությունն ամբողջությամբ բաց է երկրորդ, երրորդ և չորրորդ հատվածներում, իսկ աշխատանքները շարունակվում են առաջին հատվածում։
Արդյունքում՝ Սամտրեդիա–Գրիգոլեթի ավտոմայրուղու 52 կիլոմետրից 42.5 կիլոմետրի վրա երթևեկությունն արդեն բաց է։ Մնացած 9.5 կիլոմետրանոց առաջին հատվածի ավարտը և երթևեկության բացումը նախատեսված է 2027 թվականին։
Սամտրեդիա–Գրիգոլեթի ճանապարհը Արևելք–Արևմուտք միջազգային արագընթաց ավտոմայրուղու (E60) կարևոր մասն է։ 52 կիլոմետրանոց ճանապարհն սկսվում է Զեստափոնի–Քութայիսի շրջանցիկ ճանապարհից և ավարտվում Գրիգոլեթիում՝ Սուփսա գետի մոտ։
Ծրագրի ավարտի արդյունքում զգալիորեն կմեծանա ճանապարհի թողունակությունը, կբարելավվի ճանապարհային անվտանգությունը, կկրճատվի ճանապարհորդության ժամանակը և ավտոտրանսպորտի շահագործման ծախսերը, իսկ միջազգային տարանցիկ հաղորդակցությունը կդառնա էլ ավելի արդյունավետ։
Սամտրեդիա–Գրիգոլեթի երրորդ հատվածի շինարարությունն իրականացվել է Վրաստանի պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկից (EIB) ստացված վարկի շրջանակներում։ Ծրագրի արժեքը կազմում է 324.6 միլիոն լարի։