Սալոմե Զուրաբիշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Վրաստանի եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցը
Սալոմե Զուրաբիշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Վրաստանի եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու հարցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիների պալատում հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին և խոսել եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման գործընթացի և ձեռք բերված առաջընթացի մասին։

Զրույցում շոշափվել են Ուկրաինայում շարունակվող պատերազմը, Ռուսաստանի ագրեսիան, միջազգային գործընկերների և Համագործակցության կողմից Ուկրաինայի հետ համերաշխության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Նաև ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով տարածաշրջանում աճող սպառնալիքների ֆոնին կողմերն ընդգծել են Սև ծովի անվտանգության կարևորությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ իր անսասան աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի օկուպացված շրջաններում Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացմանը։ Նախագահը նշել է, որ դա կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և լիովին հակասում է միջազգային նորմերին։

Նախագահն ուշադրություն է հրավիրել օկուպացված տարածքներում տիրող իրավիճակին, Բիճվինթայի քոթեջներին, Օչամչիրեում ռազմածովային նավատորմի, Սուխումի օդանավակայանում տիրող իրավիճակին։