Սալոմե Զուրաբիշվիլի. Լեքսո Թորաձեի մահով Վրաստանը կորցրեց մեծ վրացու, երաժշտությունը՝ մեծ դաշնակահարի, իսկ ընկերները՝ մեծ ընկերոջ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավն է հայտնել դաշնակահար Ալեքսանդր (Լեքսո) Թորաձեի մահվան կապակցությամբ։ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը կորցրել է մեծ վրացու, երաժշտությունը՝ մեծ դաշնակահարի, իսկ ընկերները՝ մեծ ընկերոջ։
«Ես Լեքսոյին հանդիպել եմ Նյու Յորքում գրեթե 40 տարի առաջ… նա «նոր» էմիգրանտ, ես «հին» էմիգրանտի զավակ, և ամբողջ երեկո մենք խոսել ենք ամեն ինչի և Վրաստանի մասին։ Նա տաղանդավոր երաժիշտ, ես՝ երիտասարդ դիվանագետ… Դրանից հետո մենք հաճախ չէինք հանդիպում, բայց որտեղ կարող էի, բաց չէի թողնում նրա համերգները: Վրաստանը կորցրեց մեծ վրացու, երաժշտությունը՝ մեծ դաշնակահարի, իսկ ընկերները՝ մեծ ընկերոջ»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում։
69 տարեկանում մահացել է դաշնակահար Ալեքսանդր (Լեքսո) Թորաձեն։ Դաշնակահարն ապրել է ԱՄՆ-ում, որտեղ էլ մահացել է իր տանը։