Սալոմե Զուրաբիշվիլի․ «Իմ ոտքը ամուր է, մեր՝ բոլորիս ոտքը ամուր է, մենք գիտենք՝ ուր ենք գնում, և հենց դրա համար է այն ամուր»
«Այսօրվա օրը մեզ ցույց տվեց այն, ինչ բոլորս գիտենք՝ Վրաստանը եվրոպական է, Վրաստանը ուղղված է դեպի Եվրոպա, և ոչ ոք իրավունք չունի խլելու Եվրոպան այս երկրից», – այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Եվրոպայի հրապարակում, որտեղ տեղի է ունեցել բողոքի ակցիա։
«Սա մեր ձեռքբերումն է, տարիների ընթացքում ձեռք բերված համատեղ հաղթանակ, որ Վրաստանը հասել է Եվրոպայի դռներին, և ոչ ոք իրավունք չունի՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո նշանակված կառավարությունը, հանկարծ որոշի շրջել մեզ դեպի Ռուսաստան։ Դա բոլոր վրացիների համար անընդունելի է», – ասել է նա «TV პირველი»-ի եթերում։
Զուրաբիշվիլին նաև արձագանքել է վարչապետ Իրակլի Կոբախիձեի այսօրվա հայտարարությանը, ըստ որի՝ «ոչ մի ընդդիմադիր պլան իրականություն չի դառնալու։ Սա հստակ նախազգուշացում է ինչպես Սալոմե Զուրաբիշվիլիին, այնպես էլ մյուս «ազգային շարժման» ներկայացուցիչներին՝ հանկարծ ոտքը չսայթաքի»։
«Իմ ոտքը ամուր է։ Ուզում եմ, որ հանգստանան։ Մեր՝ բոլորիս ոտքը ամուր է։ Մենք գիտենք՝ ուր ենք գնում, և դրա համար էլ այն ամուր է։ Մենք հստակ գիտենք մեր կողմնորոշումը և չենք շեղվում։ Մենք շատ-շատ ենք լինելու մայիսի 26-ին։ Ժողովուրդը կոչի կարիք չունի՝ բոլորս պետք է դուրս գանք, քանի որ Անկախության օրը այն օրն է, երբ պետք է փրկենք անկախությունը։ Պետք է ասենք ամբողջ աշխարհին, ոչ միայն ինքներս մեզ, որ մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ կանգնած էինք վեց ամիս առաջ, մեկ տարի առաջ, երկու տարի առաջ, և փաստացի՝ 30 տարի շարունակ կանգնած ենք եղել ամեն անգամ, երբ սպառնալիք է եղել Վրաստանի անկախությանն ու եվրոպականությանը։ Մենք կլինենք շատերը, ցույց կտանք մեր հավատարմությունն ու կվերադառնանք մեր ուղուն։ Ես այդ հարցում խորապես վստահ եմ», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։