Նոր սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը ծրագրված է այսօր
Վրաստանի խորհրդարանում նոր սահմանադրական փոփոխությունների նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկությունը ծրագրված է այսօր:
Քվեարկությունը պետք է կայանար երեկ, սակայն այն հետաձգվել է քվորումի չլինելու պատճառով: Ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, քվեարկության ժամանակ դահլիճում չեն եղել համապատասխան քանակությամբ պատգամավորներ:
Օրենսդրական մարմինը այսօր ծրագրում է նաև փոփոխությունները քննարկել երկրորդ ընթերցմամբ և դնել քվեարկության: Իսկ ինչ վերաբերում է երրորդ ընթերցմանը, ապա խորհրդարանում հայտարարում են, որ այն տեղի կունենա գարնանային նստաշրջանին:
Նոր սահմանադրական փոփոխությունները մի կողմից ապահովում են 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին քաղաքական միությունների միանգամյա թույլտվությունը, իսկ 2024 թվականի ընտրություններին այլևս չի գործելու այսպես կոչված Բոնուս համակարգը:
Սահմանադրական փոփոխությունները վերաբերում են նաև սահմանադրական դատարանին, որի համաձայն մեծանում են դատարանի իրավասությունները և համապատասխան հայցի քննարկման համար ժամկետը դառնում է երեք ամիս:
Նշենք, որ խորհրդարանը նոր սահմանադրությունը երրորդ ընթերցմամբ ընդունել է սեպտեմբերի 26-ին, սակայն այն պատճառով, որ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այդ հարցի կապակցությամբ օգտվել է վետոի իրավունքից, խորհրդարանային մեծամասնությունը վետոն հաղթահարել է հոկտեմբերի 13-ին: Ինչ վերաբերում է նոր սահմանադրությանը, ապա այն ուժի մեջ կմտնի 2018 թվականին նոր նախագահի երդմնակալությունից հետո:
Հեղինակ -
Edgar Barsegyan