Սաբա Բուաձեն հրաժարվել է «Լելո»-ի Թբիլիսիի կազմակերպության ղեկավարի պաշտոնից և քաղաքական խորհրդի անդամությունից, սակայն կուսակցությունում կմնա մինչև Խազարաձեի և Ջափարիձեի ազատ արձակումը
«Մեծ սխալ եմ համարում և համաձայն չեմ տեղական ընտրություններին մասնակցելուն։ Որոշում եմ կայացրել թողնել «Լելո»-ի Թբիլիսիի կազմակերպության ղեկավարի պաշտոնը և քաղաքական խորհրդի կազմը», – այս մասին գրել է «Լելո» կուսակցության անդամ Սաբա Բուաձեն սոցիալական ցանցում։
Նա պարզաբանել է, որ շարունակում է մնալ կուսակցության շարքային անդամ մինչև Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի ազատ արձակումը։
«Բարեկամներ, այս շաբաթների ընթացքում շատերը հարցրեցին ինձ, թե որն է իմ դիրքորոշումը տեղական ընտրությունների վերաբերյալ։ Քանի որ կուսակցության դիրքորոշումը պաշտոնապես հրապարակային է դարձել, կարճ ներկայացնում եմ իմ որոշումը․
Ինձ համար սա մեծ սխալ է, և համաձայն չեմ նման իրավիճակում տեղական ընտրություններին մասնակցելու հետ։ Կարծում եմ, որ այս մասնակցությունը հակասում է այն ճանապարհին, որն ընտրեցինք միասին՝ թողնելով խորհրդարանական մանդատները։
Այս ամենը հաշվի առնելով, համարում եմ անընդունելի որևէ կերպ մասնակցել այս սխալ քայլին։ Որոշում եմ կայացրել թողնել «Լելո»-ի Թբիլիսիի կազմակերպության ղեկավարի պաշտոնը։ Նաև լքում եմ կուսակցության քաղաքական խորհուրդը և շարունակում եմ գործունեությունս որպես շարքային անդամ՝ մինչ Մամուկան և Բադրին ազատ կարձակվեն։ Նրանք ազատազրկված են հենց իրենց պայքարի պատճառով։ Պայքարը շարունակվելու է մինչև վերջ և մեր անպայման հաղթանակը», – գրել է Բուաձեն։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ՝ «Լելո – Ուժեղ Վրաստան» կոալիցիան մասնակցելու է տեղական ինքնակառավարման ընտրություններին։