Սաակաշվիլին շուտով ազատ կարձակվի և կրկին կգլխավորի Վրաստանը. Դիմիտրի Շաշկին
Սաակաշվիլին շուտով կազատվի և կրկին կգլխավորի Վրաստանը,- այս մասին Caliber.az ադրբեջանական առցանց հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դիմիտրի Շաշկինը։ Հարցազրույցը հրատարակության կայքում հրապարակված է նոյեմբերի 16-ին։
«Միխեիլ Սաակաշվիլին գերի է ընկել վրացական կառավարության, «Վրացական երազանքի» և Բիձինա Իվանիշվիլիի կողմից, որոնք ամեն ինչ անում են նախկին նախագահի դեմ մահափորձ իրականացնելու համար։ Սաակաշվիլին առողջական լուրջ խնդիրներ ունի. Ինչպես հայտնի է, նա արդեն 40 օրից ավելի հացադուլի մեջ է, նրան համապատասխան բուժօգնություն չի ցուցաբերվում։ Սակայն բժիշկներին թույլ չեն տալիս այցելել նրան։ Այժմ ամեն ինչ կախված է Վրաստանի բնակչությունից, հանրային բողոքից, որն ամեն օր անցկացվում է երկրի տարբեր քաղաքներում։ Ժողովուրդը պահանջում է, որ Սաակաշվիլիին գոնե տեղափոխեն քաղաքացիական կլինիկա, և նրան անհապաղ ազատ արձակեն»,- ասել է պաշտպանության նախկին նախարարը։
Դիմիտրի Շաշկինի խոսքով՝ այսօր Վրաստանի երրորդ նախագահի վարկանիշը 60 տոկոս է։
«Միևնույն ժամանակ, մենք հաղթեցինք վերջին ընտրություններում, բայց հաղթանակը մեզնից խլեց «Վրացական երազանքը» ամենալկտի ձևով»,- ադրբեջանական հրատարակությանը ասել է Դիմիտրի Շաշկինը։
Հարցին, թե արդյոք Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական ապագա ունի Վրաստանում, նախկին նախարարն ասաց, որ լիովին համոզված է, որ ունի:
«Ես բացարձակապես համոզված եմ, որ Միխեիլ Սաակաշվիլին շուտով կազատվի և կվերադառնա Վրաստանի ղեկին։ Վրաստանում նրա մակարդակի քաղաքական գործիչ չկա և չի լինի դեռ մի քանի տասնամյակ»,- ասել է Շաշկինը։