Ռյազանի մարզի ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 130 մարդ
Ռուսաստանի Ռյազանի մարզում ռազմական գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի, իսկ տուժածների թիվը՝ 130։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարարներին հաջողվել է փլատակներից կենդանի դուրս բերել երեք մարդ։
Մարզի նահանգապետի խոսքով՝ օգոստոսի 18-ը Ռյազանի մարզում սուգի օր է հայտարարվել։
Օգոստոսի 15-ին «Էլաստիկ» անվանումը կրող փոշի արտադրող գործարանում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ձեռնարկության տարածքում բռնկվել է մեծ հրդեհ։ Ռուսաստանի պետական ռեեստրի տվյալներով՝ գործարանը արտադրում է զենք և ռազմամթերք։
2021 թվականի հոկտեմբերին նույն գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհվել էր 17 մարդ։