ՌՈՅԹԵՐ. Դոնալդ Թրամփը ծրագրում է երկկողմ առևտրային մաքսատուրքեր սահմանել ևս մի քանի երկրների վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է երկկողմ մաքսատուրքեր սահմանել ևս մի քանի երկրների վրա, թեև երկրների ցանկը դեռ հայտնի չէ։ Այս մասին հայտնում է ՌՈՅԹԵՐ-ը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփն արդեն տեղեկացրել է հանրապետական օրենսդիրներին որոշման մասին։
Ինչպես գրում է ՌՈՅԹԵՐ-ը, այս քայլը կկատարի Թրամփի նախընտրական խոստումը` մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա։ Սա համարժեք կլինի այն մաքսատուրքերին, որոնք առևտրային գործընկերները սահմանում են Ամերիկայից արտահանվող ապրանքների վրա։
Ի գիտություն, Դոնալդ Թրամփը սկզբում մաքսատուրքեր սահմանեց Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի վրա: Սակայն Կանադայի և Մեքսիկայի ղեկավարների հետ բանակցություններից հետո երկրները համաձայնության են եկել և մաքսատուրքերի սահմանումը հետաձգվել է։ Չինաստանի դեպքում Թրամփի որոշումը չի փոխվել: Բացի այդ, Չինաստանը հայտարարեց ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերի սահմանման մասին։