Ռուսթավելիի պողոտայում վառվել է մայրաքաղաքի գլխավոր տոնածառը [ֆոտո-տեսանյութ]
Ռուսթավելիի պողոտայում վառվել է մայրաքաղաքի գլխավոր տոնածառը [ֆոտո-տեսանյութ]

Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի դիմաց վառվել է մայրաքաղաքի գլխավոր տոնածառը։

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իրենց ընտանիքի անդամների հետ վառել են տոնածառը։

Կախա Կալաձեն դիմելով Ռուսթավելի պողոտայում հավաքվածներին՝ նշել է, որ 2022 թվականին բոլորը պետք է մեծ սիրով դիմավորեն։

«Ես ողջունում եմ Թբիլիսին, համայն Վրաստանը։ Մեծ սիրով ուզում եմ ողջունել բոլոր վրացիներին, ովքեր այսօր սահմաններից դուրս են և այնտեղից հետևում են մեզ։ Ցանկանում եմ շնորհավորել մեր վրացիներին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից և մեծ սիրով ողջունում եմ նրանց։ Շնորհակալություն, որ եկել, հավաքվել ենք։ Այսօր երեկոյան մենք հնարավորություն ունենք միասին վառելու երկրի գլխավոր տոնածառը։ Բոլոր վատ, դժվարին բաները, որ եղել են 2021 թվականին, իհարկե, պետք է թողնել անցյալում և 2022 թվականը դիմավորել նոր հույսերով, վերաբերմունքով, նոր էներգիայով և ամենակարևորը՝ մեծ սիրով։ Տարի, որը լինելու է վերակառուցման, զարգացման, հաջողության և առաջընթացի տարի: Մենք, անշուշտ, կկարողանանք դա անել միասին: Բարեկամներ, թշնամուն և մերձավորին սիրելը մեր մշակույթի, պատմության, կրոնի մի մասն է։ Ուստի մենք ցանկանում ենք բոլորից ավելի շատ սեր, հարգանք խնդրել։ Այն, ինչ այսօր մեզ ամենից շատ պակասում է և խնդիր է, օտարումն է։ Ուստի, ավելի շատ սեր, ավելի շատ հարգանք, սիրել միմյանց, միասնական վերաբերմունքով, հաջողակ լինելու համար մենք պետք է ամեն ինչ անենք մեր երկրի ու մեր քաղաքի բարօրության համար, որպեսզի այս երկրում ապրող յուրաքանչյուր մարդ իրեն լավ զգա»,- ասել է Կախա Կալաձեն։

Իրակլի Ղարիբաշվիլին հավաքվածներին մաղթել է, որ գալիք տարին լինի խաղաղության, բարօրության, ուրախության, սիրո և միասնության տարի։

«Ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել Նոր տարին։ Այսօր մենք հավաքվել ենք այս գեղեցիկ վայրում՝ միասին վառելու այս գեղեցիկ տոնածառը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ 2021 թվականը բավականին բարդ տարի էր, բայց միևնույն ժամանակ՝ մեծ փոփոխությունների տարի։

«Իհարկե, ավանդաբար, Ամանորին պատրաստվում ենք տոնածառ վառելով։ Կհամաձայնեք, որ 2021 թվականը բավականին դժվար տարի էր, բայց, միաժամանակ, մեծ փոփոխությունների տարի էր, քանի որ մենք մեծ աշխատանք կատարեցինք, հանգստացրինք երկիրը։ Հիմա ուզում եմ ևս մեկ անգամ ողջունել բոլորիդ և մաղթել առաջին հերթին խաղաղություն, առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին, ձեր ծնողներին։ Ողջունում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր ապրում են մեր երկրի սահմաններից դուրս։ Ողջունում եմ Աբխազիայի, Օսեթիայի մեր համաքաղաքացիներին, սփյուռքի ներկայացուցիչներին։ Այս բեմից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հերոս բժիշկներին, մեր հերոս ոստիկաններին, մեր զինվորներին այս դժվարին տարում կատարած քրտնաջան աշխատանքի համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ։ Թող գալիք տարին լինի խաղաղության, բարօրության, ուրախության, սիրո և միության տարի։ Շատ շնորհակալ եմ, և թող Աստված ձեզ պահապան լինի»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին: