Ռուսթավելիի պողոտայում ցույցին տուժած Վրաստանի առաջին ալիքի օպերատորը տեղափոխվել է «Նյու հոսպիտալ»
Վրաստանի առաջին ալիքի օպերատոր Իլիա Թվալիաշվիլին, ով վիրավորվել էր Ռուսթավելի պողոտայում անցկացվող ցույցի ժամանակ, տեղափոխվել է «Նյու հոսպիտալ»: Այս պահին Թվալիաշվիլին հետազոտվում է:
Ինչպես Վրաստանի առաջին ալիքին հայտնել են կլինիկայում, հետազոտություններից հետո հայտնի կդառնա, թե կոնկրետ ինչ վնասվածքներ ունի օպերատորը:
Հիշեցնենք, որ Ռուսթավելի պողոտայում, որտեղ «Թբիլիսիի փրայդի» հակառակորդները ցույց էին անում, հարձակվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա, որի ընթացքում տուժել է Վրաստանի առաջին ալիքի օպերատոր Իլիա Թվալիաշվիլին: Թբիլիսիի փրայդի հակառակորդները թույլ չէին տալիս լրագրողներին աշխատել և շշեր ու փայտեր էին նետում տարբեր լրատվամիջոցների նկարահանող խմբերի վրա: Լրագրողները տարհանվել են պարեկային ոստիկանության օգնությամբ:
Միևնույն ժամանակ, Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով սկսվել է հետաքննություն, Ռուսթավելի պողոտայում լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության գործողությունների և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ: Ըստ ՆԳ նախարարության, ոստիկանության աշխատակիցների արձագանքի արդյունքում լրատվամիջոցների ներկայացուցիչները այս փուլում տեղափոխվել են անվտանգ վայր: