Ռուսաստանում կայացել է Վլադիմիր Պուտինի և Մահմուդ Աբասի հանդիպումը
Ռուսաստանում կայացել է Վլադիմիր Պուտինի և Մահմուդ Աբասի հանդիպումը

Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը առաջնորդները քննարկել են Գազայի հատվածում առկա իրավիճակը։

«Բոլորին քաջ հայտնի է, որ, ցավոք սրտի, Ռուսաստանն այսօր ստիպված է մի կողմ դնել սեփական շահերը և զենքը ձեռքին պաշտպանել սեփական ժողովրդին։ Բայց այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, այն, ինչ կատարվում է Պաղեստինում, իհարկե, աննկատ չի մնում մեր աչքից»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Ռուսաստանը աջակցում է լիարժեք պաղեստինյան պետության ստեղծմանը։ Նրա խոսքով, միայն դա կապահովի Մերձավոր Արևելքում երկարաժամկետ, հուսալի և կայուն խաղաղություն։

Պաղեստինի ինքնավարության ղեկավարը, մյուս կողմից, Պուտինին ասել է, որ ՄԱԿ-ը չի ընդունել Պաղեստինի ժողովրդի իրավունքները երաշխավորող բանաձև ՝ ԱՄՆ-ի ճնշման պատճառով։ Հանդիպմանը Աբասը Ռուսաստանին անվանել է Պաղեստինի ժողովրդի ամենաթանկ բարեկամներից մեկը։