Ռուսաստանում ձերբակալվել է բողոքի ցույցերին մասնակից ավելի քան հազար մարդ
Ռուսաստանում ձերբակալվել է բողոքի ցույցերին մասնակից ավելի քան հազար մարդ: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «ՕՎԴ ինֆո» իրավապաշտպան կազմակերպությունը, որն աշխատում է Ռուսաստանում քաղաքական հետապնդումների հարցերով:
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին ազատելու պահանջով, բողոքի ցույցերն ընթանում են Ռուսաստանի տասնյակ քաղաքներում: Բողոքի ցույցերից մի քանի օր շուտ, իրավապահները խուզարկել են Ալեքսեյ Նավալնիի թիմակիցների և հարազատների գրասենյակներն ու տները, ձերբակալվել է մի քանի մարդ:
Ձերբակալվածների թվում են ընդդիմադիր գործչի եղբայրը, ինչպես նաև Նավալնիի թիմակից Լյուբով Սոբոլը, որոնց սահմանվել է տնային կալանք: Իրավապաշտպանների տվյալներով, այս փուլում բոլորից շատ ցուցարարներ ձերբակալվել են Վլադիվոստոկում և Մոսկվայում:
Ցույցերի պատճառով ոստիկանությունը փակել է փողոցները: Մետրոյի կայարանների մի մասը նույնպես փակ է:
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, որը միջազգային հետաքննության համաձայն թունավորվել էր «Նովիչոկ» նյարդային գործակալով, ձերբակալվել էր հունվարի 17-ին «Շերեմետևո» օդանավակայանում ՝ Գերմանիայից վերադառնալուց հետո և դատապարտվել 30 օրվա ազատազրկման: