Ռուսաստանի տրանսպորտի նախկին նախարարին մահացած են գտել իր տանը
Ռոման Ստարովոյտը, որի ազատման հրամանը Վլադիմիր Պուտինը ստորագրել էր այսօր առավոտյան, մահացած է գտնվել իր տանը։ Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները։
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ նախնական տեղեկությունների՝ Ստարովոյտը ինքնասպան է եղել։ Նրա մարմնի մոտ հրազեն է հայտնաբերվել։
Ռոման Ստարովոյտը տրանսպորտի նախարարությունը ղեկավարում էր 2024 թվականի մայիսից։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Կուրսկի մարզի նահանգապետի պաշտոնը։
Վլադիմիր Պուտինի հրամանագրում չի նշվել, թե ինչն է եղել Ստարովոյտի ազատման պատճառը տրանսպորտի նախարարի պաշտոնից։
Ըստ Կրեմլի՝ Ռուսաստանի նախագահը տրանսպորտի նախարարի պաշտոնակատար է նշանակել Անդրեյ Նիկիտինին, որը նախկինում փոխնախարարն էր։ Նա նաև Նովգորոդի մարզի նախկին նահանգապետ է։
Ըստ ռուսական Telegram ալիքների՝ Ռոման Ստարովոյտի դեմ ցուցմունք է տվել նրա նախկին տեղակալը՝ Կուրսկի մարզի նախկին նահանգապետ Ալեքսեյ Սմիրնովը։ Սմիրնովը, որը նահանգապետի պաշտոնը զբաղեցրել է յոթ ամիս՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերը, կալանավորվել է Կուրսկի մարզում պաշտպանական կառույցների կառուցման համար 1 միլիարդ ռուբլի յուրացնելու համար։