Ռուսաստանի դատարանը Ալեքսեյ Արեստովիչին մեղավոր է ճանաչել «ահաբեկչության հանրային կոչերի» և «կեղծ տեղեկատվության տարածման» մեջ և հեռակա կարգով դատապարտել 11 տարվա ազատազրկման

22:28, 28.08.2026
Ռուսաստանում դատարանը Ուկրաինայի նախագահի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչին հեռակա կարգով դատապարտել է 11 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Դոյչե Վելեն»։
Արեստովիչին մեղավոր են ճանաչել «ահաբեկչության հանրային կոչերի» և Ռուսաստանի զինված ուժերի մասին «կեղծ տեղեկատվության տարածման» համար։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գործի հիմք են հանդիսացել 2022 թվականի մարտի 17-ին սոցիալական ցանցերում հրապարակված գրառումները, ինչպես նաև «Յութուբում» տեղադրված տեսանյութը, որում ռուսական դատարանը տեսել է «ռուսական զորքերի տեղաշարժման և մատակարարման համար օգտագործվող երկաթգծերի ոչնչացման կոչ»։
Բացի այդ, գործում նշվում է նաև, որ 2022 թվականի ապրիլի 8-ին Արեստովիչը «Տելեգրամում» և «Ֆեյսբուքում» հրապարակել է պոստ Կրամատորսկի երկաթուղային կայարանին Ռուսաստանի զինված ուժերի հասցրած հարվածի մասին, ինչով, ռուսական դատարանի պնդմամբ, նա «կեղծ տեղեկատվություն» է տարածել։
«Ինչպիսի՞ նուրբ «քողարկման գործողություն» է», — «Տելեգրամում» դատարանի որոշմանն արձագանքել է Արեստովիչը։
Ի գիտություն՝ Ալեքսեյ Արեստովիչը Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնից հրաժարական է տվել 2023 թվականի հունվարին և շուտով լքել երկիրը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին 2025 թվականի մայիսի 1-ին ստորագրել է հրամանագիր Արեստովիչի դեմ անձնական տնտեսական պատժամիջոցներ սահմանելու մասին։

Նմանատիպ