Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի Օդեսայի մարզի Օրլովկայի գազաբաշխիչ կայանը, որի միջոցով Ուկրաինան ստանում է ադրբեջանական գազ
Ռուսաստանը ռմբակոծել է Ուկրաինայի Օդեսայի մարզի Օրլովկայի գազաբաշխիչ կայանը, որի միջոցով Ուկրաինան ստանում է ադրբեջանական գազ

Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի Օդեսայի մարզում գտնվող «Օռլովկա» գազաբաշխիչ կայանին, որի միջոցով հուլիսին Ուկրաինան սկսել էր ստանալ ադրբեջանական գազ։

Կայանը գտնվում է Ռումինիայի սահմանի մոտ։

Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտարարել է, որ կայանում բռնկված հրդեհը մարվել է և այժմ համակարգը դատարկվում է գազից։ Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ հրդեհը ոչնչացրել է սարքավորումները, իսկ մայրական գազատարի վնասման հետևանքով ժամանակավորապես գազամատակարարումից զրկվել է 2500 բաժանորդ։

Աչքով տեսածների հաղորդմամբ՝ «Օռլովկա» կայանը ենթարկվել է 15-ից ավելի հարվածների։

Ռուս լրագրող Ռուսլան Օստաշկոն գրել է․ «Սիգնալ Ալիևին, Մոսկվան հարվածեց Կիև-Բաքու գազային միջանցքին»։

Տրանսկովկասյան միջանցքը, որը թույլ է տալիս Ուկրաինային ներմուծել ոչ ռուսական ծագման գազ, անցնում է Օդեսայի մարզով։ 2025 թվականի հուլիսին Ուկրաինան առաջին անգամ սկսեց գազ գնել Ադրբեջանից։ Ուկրաինայի գազի փոխանցման համակարգի օպերատորի (OGTSU) նախկին ղեկավար Սերգեյ Մակոգոնի խոսքով՝ փորձնական խմբաքանակը կազմել է 70 միլիոն խորանարդ մետր։ Տրանսկովկասյան միջանցքը Հունաստանից (կամ ադրբեջանական գազի դեպքում՝ Թուրքիայից) հասնում է Ուկրաինա՝ Բուլղարիայի, Ռումինիայի և Մոլդովայի տարածքով։