Ռուսաստանը Ուկրաինայի վրա հերթական լայնածավալ օդային հարձակում է իրականացրել։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ օգոստոսի 30-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 537 անօդաչու սարք, ինչպես նաև ութ բալիստիկ և 37 թևավոր հրթիռ։
Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է խոցել 510 դրոն, վեց բալիստիկ և 32 թևավոր հրթիռ։ Նրանց հաղորդմամբ՝ հինգ հրթիռ և 24 դրոն հասել են իրենց թիրախներին յոթ վայրում։ 21 վայրում գրանցվել են դրոնների և հրթիռների բեկորների ընկնելու դեպքեր։
Ռուսաստանի լայնածավալ հարձակման հետևանքով Զապորոժիեի շրջանում մեկ մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։ Հարվածներ են հասցվել նաև Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրի, Իվանո-Ֆրանկովսկի, Ռովնոյի, Սումիի և այլ շրջաններում։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերի տվյալներով՝ Ռուսաստանի հարձակումը դեռ շարունակվում է, և Ուկրաինայի տարածքում մի քանի դրոն շարունակում է գործել։ Բնակչությանը հորդորում են մնալ տներում։