Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանմանը, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 18 զինծառայող
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի ցամաքային զորքերի ուսումնական ստորաբաժանմանը։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությամբ՝ զոհվել է երեք զինծառայող, ևս 18-ը վիրավորվել են։
Ինչպես նշվում է Ուկրաինայի ցամաքային զորքերի հայտարարությունում, «Չնայած ձեռնարկված անվտանգության միջոցներին, անհնար եղավ անձնակազմում կորուստներից խուսափել»։
Նույն հայտարարությունում ասվում է, որ միջադեպի բոլոր մանրամասները պարզելու համար ստեղծվել է հանձնաժողով և մեկնարկել է հետաքննություն։
«Եթե պարզվի, որ զինծառայողների մահը կամ նրանց վիրավորումը պայմանավորված էր պաշտոնատար անձանց գործողություններով կամ անգործությամբ, պատասխանատուները կդատվեն», – ասված է Ուկրաինայի ցամաքային զորքերի տարածած հաղորդագրությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ այլ տեղեկություն է հայտնում։ Մոսկվան պնդում է, որ Չեռնիգովի շրջանում գտնվող ռազմական ուսումնական կենտրոնի հրթիռակոծման հետևանքով Ուկրաինան կորցրել է 200 զինծառայող, որոնց մի մասը զոհվել է, մյուս մասը՝ վիրավորվել։ Նրանց տվյալներով՝ հարվածը հասցվել է «Իսկանդեր» տեսակի հրթիռով։