Ռուսաստանը գիշերը 145 անօդաչու թռչող սարքերով հարձակում է գործել Ուկրաինայի վրա, կան վիրավորներ
Ռուսաստանը գիշերը 145 անօդաչու թռչող սարքերով հարձակում է գործել Ուկրաինայի վրա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ոչնչացվել է 85 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինայի վեց շրջաններ տուժել են անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, կան վիրավորներ։
Մասնավորապես, Նիկոլաևում ռուսական անօդաչու թռչող սարքերից ընկնող բեկորների հետևանքով վիրավորվել է 10 մարդ։ Քաղաքում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, վարչական շենք, տասնյակ ավտոտնակներ և մեքենաներ։
Նիկոլաևի մարզային վարչակազմի ղեկավար Վիտալի Կիմի խոսքով՝ վիրավորներից երկուսը հոսպիտալացվել են միջին ծանրության վնասվածքներով։
Կիևի քաղաքային վարչակազմի տվյալներով՝ Կիևի վրա հարձակվել է 30 անօդաչու թռչող սարք, որոնցից Ռազմաօդային ուժերը ոչնչացրել են 16-ը, իսկ մնացածը լքել են Ուկրաինայի մայրաքաղաքի օդային տարածքը կամ կորել օդում։
Կիևում անօդաչու թռչող սարքի բեկորներից ավերվել է մասնավոր տուն, երկու մարդ վիրավորվել է, իսկ պահեստում հրդեհ է բռնկվել։
Դոնեցկի, Խարկովի, Խմելնիցկիի և Պոլտավայի մարզերը նույնպես ենթարկվել են ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների։