Ռուսաստանը գերիների փոխանակման շրջանակներում Ուկրաինային է հանձնել 33 զինծառայողի և 51 քաղաքացիական անձի
Ռուսաստանը, գերիների փոխանակման շրջանակներում, Ուկրաինային է փոխանցել 33 զինծառայող և 51 քաղաքացիական անձ։ Այս մասին տեղեկացնում է ուկրաինական կողմը։
Ինչպես նշվում է գերիների փոխանակման հարցով գործող համակարգող շտաբի հաղորդագրությունում, հայրենիք վերադարձածների թվում են նաև այն անձինք, որոնք ձերբակալվել են Ռուսաստանի կողմից ժամանակավորապես օկուպացված ուկրաինական տարածքներում այն ժամանակ, երբ Ռուսաստանը դեռ չէր սկսել Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ։
Ուկրաինական կողմի տվյալներով՝ Ուկրաինայի այս քաղաքացիներին Ռուսաստանում դատապարտել էին երկարաժամկետ ազատազրկման։ Ուկրաինայի նախագահի հայտարարությամբ՝ հայրենիք վերադարձածներից մեծամասնությանը անհրաժեշտ է բժշկական օգնություն։
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքից վերադարձրել է 84 զինծառայող և Ուկրաինային փոխանցել 84 գերի զինվորական։