Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը պնդում է, որ իր մարտիկներին խոստացել են զենք և զինամթերք
Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը պնդում է, որ իր մարտիկներին խոստացել են զենք և զինամթերք

Ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պնդում է, որ իր մարտիկներին խոստացել են զենք ու զինամթերք։

Պրիգոժինի խոսքով՝ «վագներականները» կստանան անհրաժեշտ զենք ու զինամթերք՝ պայքարը շարունակելու համար, իսկ ՊՆ-ի հետ երկխոսությունը կվերահսկի Ռուսաստանի տիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը։

«Մեզ խոստացել էին, որ մենք կստանանք անհրաժեշտ զենք-զինամթերք՝ պայքարը շարունակելու համար։ Մեզ ասում են, որ Բախմուտի հետ ինչ ուզում ենք՝ կարող ենք անել»,- ասում է ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիրը։

Մինչ այդ Պրիգոժինը հայտնել էր, որ «Վագներ»-ի մարտիկները մայիսի 10-ին կլքեն իրենց դիրքերը Բախմուտի մոտ և կտեղափոխվեն «թիկունքում գտնվող ճամբարներ»՝ «վերքերը բուժելու և անձնակազմը պահպանելու համար»։ Նա նաեւ ասաց, որ «Վագներները» զինամթերք չունեն։

Ավելի ուշ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ հարցում է ուղարկել Վլադիմիր Պուտինին՝ Բախմուտի մերձակայքում գտնվող դիրքերում «Վագներ»-ի մարտիկներին չեչենական «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատի անդամներով փոխարինելու վերաբերյալ։

Բացի այդ, իր կոչում Կադիրովը պահանջում է Պրիգոժինից, որպեսզի «վագներականները» պաշտպանեն իրենց դիրքերը մինչ չեչենական հատուկ ջոկատայինների ժամանումը։