Ռուսական բնական գազը փոխարինելու համար գերմանացի սպառողներից հավելավճար կգանձվի
Ռուսական բնական գազը փոխարինելու համար գերմանացի սպառողներից հավելավճար կգանձվի։ Ըստ Գերմանիայի կառավարության՝ դա անհրաժեշտ է, որպեսզի ընկերությունները կարողանան հոգալ ռուսական բնական գազի փոխարինման ծախսերը և թույլ չտալ էներգետիկ շուկայի փլուզումը։
Ինչպես գրում է «BBC»-ն, հավելյալ հարկը քաղաքացիների վրա կսահմանվի հոկտեմբերի 1-ից եւ ուժի մեջ կմնա մինչեւ 2024 թվականի ապրիլը։
Գերմանական բնական գազի շուկայի օպերատորի հաշվարկներով՝ հավելյալ հարկը կկազմի 2,419 ցենտ մեկ կիլովատ ժամի համար, ուստի մեկ տարում բաժանորդը բնական գազի համար պետք է վճարի միջինը 480 եվրոյով ավելի։ Նոր հարկը կտարածվի նաեւ գերմանական բիզնեսի վրա։
Գերմանիայի էներգետիկայի նախարարի խոսքով՝ հավելյալ հարկը Ուկրաինայում Պուտինի պատերազմի արդյունքն է։
«Հավելավճարը Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիվ պատերազմի արդյունք է և հանդիսանում է Ռուսաստանի կողմից առաջացած էներգիայի արհեստական դեֆիցիտ։ Այս ամենի բուն պատճառը քաղաքական սխալն է, երբ մենք կախվածության մեջ հայտնվեցինք մատակարարից, որը պատրաստ էր ոտնահարել մարդկանց և քաղաքացիների իրավունքները»,- ասել է Գերմանիայի էներգետիկայի նախարարը։
Տնտեսագետների կարծիքով՝ բնական գազի հավելյալ հարկի սահմանումը Գերմանիայում էլ ավելի կբարձրացնի գնաճը։ Հուլիսին գնաճը կազմել է 8,5 տոկոս։