«Ռթվելի» (խաղողահավաք) 2020-ի շրջանակներում Վրաստանում վերամշակվել է մոտ 280 հազար տոննա խաղող
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, «Ռթվելի 2020»-ի շրջանակներում Վրաստանում վերամշակվել է մինչև 280 հազար տոննա խաղող, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին 30 տարվա ընթացքում:
Գերատեսչության տվյալներով, գինու գործարաններին խաղող է հանձնել մոտ 25 հազար ֆերմեր, և նրանց եկամուտը կազմում է ավելի քան 310 միլիոն լարի:
«Ռթվելի 2020»-ի շրջանակներում վերամշակվել է՝ 175 հազար տոննա Ռքածիթելի, 80 հազար տոննա Սափերավի, Հինգ հազար տոննա Կախուրի մծվանե, 2 400 տոննա Ալեքսանդրոուլի և Մուջուրեթուլի և այլ տեսակների խաղող:
Նախարարությունում ասում են, որ համավարակով պայմանավորված իրավիճակում, խաղողագործության-գինեգործության աջակցության նպատակով, պետությունը Կախեթիում 2020 թվականին իրականացրել է խաղողահավաքի սուբսիդավորում: Սուբսիդավորման պայմաններում, ֆերմերները մեկ կիլոգրամ Ռքածիթելի և Սափերավի խաղողատեսակների համար ստացել են 80 թեթրի:
Կախեթիում, խաղողահավաքի գագաթնակետային շրջանում, վերամշակված խաղողի օրական ցուցանիշը կազմել է 17 հազար տոննա: Խաղող ընդունելու գործընթացին ներգրավվել է 220 ձեռնարկություն: Ամբրոլաուրիի մունիցիպալիտետում, տարբեր շրջաններում բացված էր խաղող ընդունելու 20 կետ, ինչը բնակչությանը տվել է բերքի ժամանակին և անխափան տեղավորման հնարավորություն: