Ռոյթեր՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Ռուսաստանում բենզինի արտադրությունը նվազել է և ծածկում է պահանջարկի մոտավորապես 65 տոկոսը
Ռուսաստանում արտադրվող բենզինը ծածկում է սեզոնային պահանջարկի մոտավորապես 65%-ը. այս մասին տեղեկատվությունը, հղում անելով աղբյուրներին և սեփական հաշվետվություններին, տարածում է «Ռոյթերս» (Reuters) գործակալությունը։
Ինչպես գրում է գործակալությունը, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով Ռուսաստանում բենզինի արտադրությունը, սեզոնային միջին սպառման համեմատ, նվազել է մինչև մոտ 65%։
Գործակալության տվյալներով՝ ամռանը վարորդների կողմից պահանջարկն աճում է, իսկ բենզինի դեֆիցիտը (պակասուրդը) կազմում է 35%, այսինքն՝ օրական 40-45 հազար տոննա։ Համեմատության համար նշենք, որ հունիսին օրական դեֆիցիտը կազմում էր 25%։
Արդյունաբերության ոլորտի աղբյուրների համաձայն՝ ամառային սեզոնի սպառման ժամանակահատվածում Ռուսաստանում բենզինի օրական պահանջարկը կազմում է 115-120 հազար տոննա։
Ուկրաինական անօդաչուների հարձակումների պատճառով աշխատանքը դադարեցրել են մի քանի խոշոր գործարաններ, այդ թվում՝ ամենախոշորները՝ «Նորսի»-ն (Նիժնի Նովգորոդում) և Օմսկի գործարանը։ Արտադրությունը կանգնեցրել է նաև Սարատովի նավթավերամշակման ձեռնարկությունը։
«Ռոյթերս»-ը գրում է, որ վառելիքի դեֆիցիտը հաղթահարելու համար կառավարության կողմից առաջարկվող քայլերը ներառում են դիզելային վառելիքի, բենզինի և ավիացիոն վառելիքի արտահանման արգելքը։ Ռուսաստանը նաև սկսել է վառելիքի ներկրումը։ Բելառուսից Ռուսաստան բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումները հունիսին հասել են ամսական ռեկորդային ցուցանիշի, իսկ աղբյուրները նախորդ շաբաթ հայտնել են, որ Ռուսաստանը սկսել է ծովային տրանսպորտով ներկրումներ իրականացնել Հնդկաստանից։