Ռոյթերսի փոխանցմամբ՝ Կոսովոն Սերբիայի հետ կապող ճանապարհներից մեկը բացվել է

19:34, 01.08.2022

Կոսովոյի հյուսիսային հատվածում բացվել է Սերբիայի հետ կապող ճանապարհներից մեկը։ Ինչպես հաղորդում է Ռոյթերս գործակալությունը, ապամոնտաժվել են տեղի սերբերի կողմից կանգնեցված բարիկադները։ Բեռնատարները, որոնք փակել են ճանապարհը, դուրս են բերվել մայրուղուց։

Մասնավորապես, Կոսովոյի հյուսիսում գտնվող Զուպչե քաղաքում բարիկադներ են հանվել։ Բարիկադները վերցվել են ՆԱՏՕ-ի ներքո գործող միջազգային ուժերի հսկողության ներքո։ Միաժամանակ լրատվամիջոցը նշում է, որ ճանապարհների մի մասը դեռ փակ է։

Ավելի վաղ Պրիշտինան մեկ ամսով հետաձգել էր Սերբիայի քաղաքացիների՝ Կոսովո մուտքի կանոնների փոփոխությունների իրականացումը։ Վերանայված կանոնակարգը պետք է ուժի մեջ մտներ օգոստոսի 1-ից, ինչը դժգոհություն էր առաջացրել Կոսովոյում բնակվող սերբերի մոտ։ Նրանք բեռնատարներով փակել են ճանապարհը, ինչը հանգեցրել է բաժանարար գծի լարվածության։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պրիշտինայում ԱՄՆ դեսպանը դիմել է Կոսովոյի վարչակազմին՝ նոր կարգավորումները հետաձգելու խնդրանքով։ Կոսովոյի որոշումը ողջունել է Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջոզեֆ Բորելը։

Կոսովոյ մուտք գործելու նոր կանոնները պահանջում են Սերբիայի քաղաքացիներին նախնական թույլտվություն ստանալ Կոսովոյ մուտք գործելու համար: Այս կանոնը վերաբերում է ինչպես օդային, այնպես էլ ցամաքային սահմանին, որտեղ նախատեսվում է սահմանափակել սերբական համարանիշներով մեքենաների մուտքը։

Նմանատիպ