Ռոյթերս. Սպիտակ տան նախկին աշխատակիցը տուգանվել է 172 539 դոլարով, քանի որ Թրամփի ելույթի տեքստին նախնական հասանելիություն ունենալով՝ ապօրինի խաղադրույքներ էր կատարում
ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը (CFTC) Սպիտակ տան նախկին աշխատակից Գաբրիել Պերեսին ապօրինի առևտրի համար պարտավորեցրել է վճարել 172 539 դոլար: Գաբրիել Պերեսը նախապես հասանելիություն է ունեցել Դոնալդ Թրամփի ելույթի տեքստին և կանխատեսումների շուկայի հարթակում ապօրինի խաղադրույքներ է կատարել:
Ինչպես հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովին, Պերեսը պետք է վերադարձնի ստացված 107 539 դոլարի չափով շահույթը, ինչպես նաև վճարի 65 000 դոլարի չափով քաղաքացիական տուգանք:
Բացի այդ, համաձայնագրի շրջանակներում Պերեսը համաձայնել է երեք տարվա ընթացքում մասնակցություն չունենալ առևտրին և ապագայում այլևս չխախտել ապրանքային բորսաների մասին օրենքը:
ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովի հայտարարությամբ՝ Պերեսը 2025 թվականի դեկտեմբերից մինչև 2026 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում Kalshi առևտրային հարթակում խաղադրույքներ է կատարել այն մասին, թե ինչ էր ասելու Թրամփը հրապարակային ելույթների ժամանակ:
Քննության տեղեկատվությամբ՝ Պերեսը հասանելիություն է ունեցել Թրամփի ելույթների տեքստերին, իսկ հանձնաժողովի հայտարարությամբ՝ Պերեսն նշված տեղեկատվությունն օգտագործել է սեփական ֆինանսական օգտի համար: