«Ռոյթերս»․ Տայվանի Խաղաղօվկիանոսյան ափերի մոտ նկատվել է Չինաստանի ծովային միլիցիայի նավ, իսկ դրա հետ՝ ևս երկու նավ

13:36, 08.10.2026
Օգոստոսին Տայվանի Խաղաղօվկիանոսյան ափերի մոտ նկատվել է Չինաստանի ծովային միլիցիայի նավ՝ ևս երկու նավի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերս»-ը՝ հղում անելով գործակալության կողմից ուսումնասիրված հետախուզական զեկույցին։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ սա զգայուն գոտում նման տիպի նավի հայտնվելու առաջին հայտնի դեպքն է։
Տայվանական «Apex Aviation» ընկերության զեկույցում Minfudingyu 07902-ը նույնականացվել է որպես ձկնորսական նավ, որը միաժամանակ կատարում է Չինաստանի ծովային միլիցիայի նավի ֆունկցիա։ Զեկույցի համաձայն՝ օգոստոսի կեսերին այն գործել է Չինաստանի ափամերձ պահպանության կատերի և հետազոտական նավի հետ միասին։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Չինաստանը հունիսից ակտիվացրել է գործունեությունը կղզու արևելյան ափերի մոտ և կանոնավոր կերպով իրականացնում է ափամերձ պահպանության պարեկություն։
Տայվանցի պաշտոնյաների գնահատմամբ՝ Չինաստանը, հնարավոր է, վարժվում է ծովային շրջափակում իրականացնելու համար, ինչի համար համատեղ կօգտագործի ռազմական, ռազմականացված և քաղաքացիական ռեսուրսներ։
Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, հարցումներ են ուղարկվել Չինաստանի Տայվանի հարցերով գրասենյակին և պաշտպանության նախարարությանը, սակայն պատասխան չի ստացվել։

Նմանատիպ