«Ռոյթերի» հաղորդմամբ, Ամստերդամում սահմանափակումների դեմ ցույցը ոստիկանությունը ցրել է ջրցան մեքենաներով
Նիդեռլանդների մայրաքաղաքում սահմանափակումների դեմ կայացած բողոքի ցույցը ոստիկանությունը ցրել է ջրցան մեքենաների կիրառմամբ,- այս մասին գրում է «Ռոյթերը»: Հրապարակման փոխանցմամբ, ցուցարարները քարեր ու հրավառություն են նետել ոստիկանության ուղղությամբ, որից հետո իրավապահները ձերբակալել են շուրջ 100 մարդու:
Բողոքի ցույցին մասնակցում էին նաև ռեստորանների սեփականատերերը, ովքեր դեմ են կորոնավիրուսի կապակցությամբ հաստատված սահմանափակումներին:
Հատկանշական է, որ Նիդեռլանդներում գիշերային ժամերին այսպես կոչված պարետային ժամը, գործի է դրվել առաջին անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Բողոքի ցույց է անց կացվել նաև Էյնդհովեն քաղաքում, որտեղ ցուցարարների դեմ կիրառել են արցունքաբեր գազ:
Նիդեռլանդներում ռեստորաններն ու բարերը արդեն երեք ամիս փակ են: Դպրոցների ու խանութների մեծ մասը փակվել են անցյալ տարվա դեկտեմբերի կեսերին: