Ռոբերտո Մոնտելա. Պահպանենք և պաշտպանենք ԵԱՀԿ-ի ոգին, այս կազմակերպությունում չկան ուսուցիչներ և աշակերտներ կամ արժանավորներ և անարժաններ, կան հավասար իրավունքներով երկրներ
ԵԱՀԿ-ն համախոհների կազմակերպություն չէ, մենք ՆԱՏՕ չենք, դաշնակիցներ չենք. այս կազմակերպությունը ստեղծվել է թշնամիների՝ այն երկրների միջև, որոնք 1975 թվականին խնդիրներ ունեին։ Մենք գործ ունենք այնպիսի երկրների հետ, որոնց միջև կան տարաձայնություններ, երկրների, որոնք խախտել են Հելսինկիի եզրափակիչ ակտի ամբողջությունը, – հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս կազմակերպությունում չկան տեխնիկական մեխանիզմներ՝ երկրներ վտարելու համար, այս կազմակերպությունում չկան ուսուցիչներ և աշակերտներ։
«Բազմաթիվ քննարկումներ են ընթանում այս կազմակերպության բնույթի շուրջ։ Կարծում եմ՝ պետք է ավելացնեմ իմ խոսքը։ Հնարավոր է, դրանք անհարմար կամ ոչ սիրված խոսքեր լինեն, սակայն որպես գլխավոր քարտուղար՝ ես պետք է արտահայտեմ, թե ինչպիսի կազմակերպություն ենք մենք։ ԵԱՀԿ-ն համախոհների կազմակերպություն չէ։ Մենք ՆԱՏՕ չենք, դաշնակիցներ չենք։ Այս կազմակերպությունը ստեղծվել է այնպիսի երկրների միջև, որոնք 1975 թվականին խնդիրներ ունեին։ Մենք գործ ունենք այնպիսի երկրների հետ, որոնք ունեն տարաձայնություններ, երկրների, որոնք խախտել են Հելսինկիի եզրափակիչ ակտի ամբողջականությունը։ Այս կազմակերպությունում մենք տեխնիկապես չունենք այնպիսի գործիքներ, որոնք թույլ կտան վտարել երկրներ կամ խզել կապերը այն երկրների հետ, որոնք խախտում են պարտավորությունները։ Ես չեմ խոսում մեկ երկրի մասին, որի մասին գուցե բոլորը մտածեցին։ Ես խոսում եմ այլ երկրների մասին, որոնք խախտում են ԵԱՀԿ պարտավորությունները։ Այդպիսի երկրները շատ են։ Եթե մենք աշխատեինք միայն այն երկրների հետ, որոնք կատարյալ կերպով են կատարում իրենց պարտավորությունները, ապա մենք կլինեինք, ինչպես ասվում է իտալական երգում՝ «չորս ընկեր բարում»։ Մենք կլինեինք ընդամենը չորս կամ հինգ երկիր, եթե ասեինք, որ միայն կատարյալ համբավ ունեցող երկրները կարող են մասնակցել։ Լսել եմ, որ երբ ուսուցիչը տեսնում է աշակերտի վատ վարքագիծը, պետք է արձագանքի։ Այստեղ ուսուցիչներ և աշակերտներ չկան։ Չկան արժանավորներ և անարժաններ։ Կան մասնակից երկրներ, բոլորն էլ հավասար, որոնցից ոմանք խախտում են Հելսինկիի եզրափակիչ ակտը մեծ, դրամատիկ, զայրացնող կերպով, և այդ խախտումները պետք է դատապարտվեն։ Կան ուրիշներ, որոնք ավելի լավ են գործում», – նշել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով, կազմակերպության ունեցած գործիքներն են՝ երկխոսությունը, ներգրավվածությունը, և հենց դա է կազմակերպության մանդատը։
«Մեր ձեռքի տակ եղած գործիքներն այն են, որ մենք խոսում ենք, ներգրավված ենք. սա է մեր մանդատը։ Եթե ինչ-որ մեկը սխալ է վարվում, մենք պետք է գնանք ու ասենք. հեյ, դու սխալ ես գործում։ Մենք պետք է դա ուղղենք։ Սա է մեր խնդիրն ու մանդատը։ Եվ՝ երկխոսությունը։ Գիտեմ, սա շատ սիրված բառ չէ, և իհարկե այդ երկխոսության ժամանակը պետք է քննարկվի, սակայն այն ամրագրված է մեր սահմանադրությունում։ Եթե մենք դա չենք անում, ուրեմն այս հարթակը մեզ պետք չէ։ Եկեք պահպանենք և պաշտպանենք ԵԱՀԿ-ի ոգին, այս կազմակերպությունում չկան ուսուցիչներ և աշակերտներ», – հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելան։