Ռոբերտա Մեցոլան հայտարարում է, որ Եվրախորհրդարանը մշտական ներկայացուցչություն կբացի Կիևում՝ Ուկրաինայի հետ ամենօրյա համագործակցության համար
Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրախորհրդարանը Կիևում կբացի իր մշտական ներկայացուցչությունը՝ Ուկրաինայի հետ ամենօրյա համագործակցության նպատակով։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մեցոլան այս մասին ասել է Գերագույն ռադայում իր ելույթի ժամանակ։
Նրա խոսքով, Կիև կատարած այցի նպատակն է Ուկրաինայի հետ համագործակցության խորացումը։
«Մենք բացում ենք Եվրախորհրդարանի մշտական ներկայացուցչությունը Կիևում՝ Ուկրաինայում ներկա լինելու և ամեն օր այստեղ՝ ձեր կողքին աշխատելու համար», – հայտարարել է Մեցոլան։
Նա նշել է, որ սա Եվրոպայի պարտավորությունն է ուկրաինացիների առաջ, և այժմ այդ պարտավորությունն իրագործվում է։
«Մենք այստեղ ենք՝ ձեզ հետ, և եկել ենք՝ մնալու։ Մենք նաև հայտարարում ենք՝ դուք երբեք մենակ չեք լինի։ Երբ խաղաղությունը հաստատվի, մենք կշարունակենք կանգնել ձեր կողքին վերականգնման և կառուցման գործընթացում», – ասել է Մեցոլան, որը այսօր ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։