Ռոբերտ Ֆիցոն համաձայն չէ Ուկրաինային Եվրամիության «ասոցացված անդամի» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Ֆրիդրիխ Մերցի առաջարկին. «Այսօր նման քայլերի համար համապատասխան մթնոլորտ չկա»
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն քննադատել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջարկը, որը նախատեսում է Ուկրաինային Եվրամիության «ասոցացված անդամի» կարգավիճակ շնորհել։
Սլովակիայի վարչապետի խոսքով՝ ինքը չի կարդացել այդ առաջարկը պարունակող նամակը, որը Մերցն ուղարկել է Եվրահանձնաժողովին, սակայն համոզված է, որ այդ գաղափարը Եվրամիության անդամների շրջանում բավարար աջակցություն չի ստանա։
«Կա՛մ մենք որևէ մեկին ընդունում ենք Եվրամիություն, կա՛մ ոչ։ Այսօր Եվրամիությունում նման քայլերի համար համապատասխան մթնոլորտ չկա»,- հայտարարել է Ֆիցոն։
Նա նաև նշել է, որ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շրջանակներում թեկնածու երկրները պետք է կատարեն պայմանները, ինչը երկարաժամկետ գործընթաց է։
Ֆիցոյի խոսքով՝ իր կարծիքով, այս փուլում Եվրամիությանը պետք է միանան այլ երկրներ, մասնավորապես՝ Չեռնոգորիան, Ալբանիան և Սերբիան։
«Այս երեք երկրները պետք է հնարավորինս արագ ընդունվեն Եվրամիություն»,- նշել է Սլովակիայի վարչապետը։
Ի տեղեկություն, ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին, որ կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հանդես է եկել Ուկրաինային Եվրամիության «ասոցացված անդամություն» շնորհելու գաղափարով։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մերցն այդ տեսլականը նամակով կիսել է եվրոպացի այլ առաջնորդների հետ։