Ռոբերտ Ֆիցո. Սլովակիան չի մասնակցի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, բայց աջակցում է հրադադարի և խաղաղությանն ուղղված բոլոր նախաձեռնություններին
Սլովակիան չի կարող մասնակցել անվտանգության երաշխիքներին, սակայն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք ուղղված են կրակի դադարեցմանը և խաղաղությանը, – այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Ուժգորոդում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո։
Ֆիցոյի խոսքով՝ նա խաղաղության կողմնակից է։
Միաժամանակ, ինչպես հայտնում է ուկրաինական «Ունիան» պարբերականը, Ռոբերտ Ֆիցոն նշել է, որ ցանկանում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և պատրաստ է այդ հարցում կիսվել իր փորձով, որպեսզի Կիևը չկրկնի այն «ճակատագրական սխալները», որոնք ժամանակին թույլ է տվել Սլովակիան։
Ինչպես նշել է Ռոբերտ Ֆիցոն, նա ցանկանում է, որ Սլովակիան և Ուկրաինան ունենան լավ, բարեկամական, որակյալ հարաբերություններ։ Նրա խոսքով՝ Բրատիսլավայի և Կիևի միջև որոշ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ կան։
«Ուրախ եմ, որ կարողացանք անձամբ զրուցել և միմյանց բացատրել որոշ հարցեր և մեր դիրքորոշումները։ Որոշ կարծիքներ տարբեր են, դա է կյանքը», – նշել է Ռոբերտ Ֆիցոն։