Reuters – Սիրիայի նոր կառավարությունը պահանջում է Ռուսաստանից հանձնել Բաշար ալ-Ասադին
Սիրիայի նոր կառավարությունը Ռուսաստանի հետ բանակցությունների ընթացքում պահանջել է հանձնել նախկին նախագահ Բաշար ալ Ասադին։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ Սիրիայի նոր դե ֆակտո առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան Մոսկվայից պահանջել է հանձնել Ասադին։
Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դամասկոսը պահանջում է Ռուսաստանից, որն աջակցել է Ասադին քաղաքացիական պատերազմում, վերականգնել վստահությունը կոնկրետ միջոցների միջոցով, ինչպիսիք են փոխհատուցումը, վերակառուցումը և վերականգնումը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է հաստատել, թե արդյոք Սիրիայի նոր կառավարությունը Ռուսաստանից պահանջել է հանձնել Ասադին և փոխհատուցում վճարել։
Ըստ լրատվամիջոցների՝ Ռուսաստանը, որի զորքերը և օդուժը տարիներ շարունակ աջակցել են Ասադին սիրիացի ապստամբների դեմ պայքարում, փորձում է պահպանել իր ռազմածովային բազան Տարտուսում և Խմեյմիմ ավիաբազան Լաթաքիա քաղաքի մոտ։
Հունվարի 28-ին փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի գլխավորած ռուսական պատվիրակության հետ բանակցություններից հետո սիրիական նոր վարչակազմը հայտարարեց, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնումը պետք է ներառի անցյալի սխալների ուղղումը, սիրիացի ժողովրդի կամքը հարգելը և նրա շահերը պաշտպանելը։
Ըստ սիրիական աղբյուրի՝ ռուսները պատրաստ չէին ընդունել նման սխալները, և միակ պայմանավորվածությունը, որ նրանք ձեռք բերեցին, բանակցությունները շարունակելն էր։
Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղի է ունեցել անկեղծ քննարկում հարցերի մի ամբողջ շրջանակի շուրջ։ Գերատեսչության տվյալներով՝ կողմերը կշարունակեն շփումները համապատասխան պայմանավորվածությունների հասնելու համար։