Reuters – Իտալիան և Իսպանիան պատրաստ չեն աջակցել ԵՄ-ի նախաձեռնությանը` այս տարի Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացնելու 40 միլիարդ եվրո

14:18, 18.03.2025

Իտալիան և Իսպանիան պատրաստ չեն աջակցել Եվրամիության նախաձեռնությանը` այս տարի Ուկրաինային ռազմական օգնության համար հատկացնելու 40 միլիարդ եվրո, հայտնում է Reuters-ը։

Մարտի 17-ին արտաքին գործերի նախարարների նիստից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ասաց, որ իր առաջարկը «լայն քաղաքական աջակցություն» ունի, և որ մանրամասները այժմ քննարկվում են։

Ինչպես գրում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագետներին, նախաձեռնությունը մեծ աջակցություն ունի Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրներից, թեև Հարավային Եվրոպայի որոշ երկրներ ավելի զուսպ են։

Իտալիայի և Իսպանիայի արտգործնախարարները հանդիպումից առաջ հայտարարել են, որ դեռ վաղ է նախաձեռնության վերաբերյալ վերջնական դիրքորոշում հայտնել։

Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիան նույնպես հարցեր ուներ ծրագրի վերաբերյալ։

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է, որ առաջարկը պետք է խորը դիտարկել՝ ապագա զարգացումների լույսի ներքո:

«Մենք սպասում ենք Թրամփ-Պուտին հեռախոսազրույցին, որպեսզի տեսնենք, թե արդյոք քայլեր կլինեն հրադադարի հասնելու համար», – ասել է Անտոնիո Տայանին՝ նշելով, որ Իտալիան նույնպես պետք է ռեսուրսներ գտնի պաշտպանական ծախսերն ավելացնելու համար։

Իսպանիայի արտգործնախարար Խոսե Ալբարեսն ասել է. «Մենք կտեսնենք, թե ինչպես կանցնի բանավեճը, բայց այս փուլում որոշում չկա այս հարցի վերաբերյալ»:

Խոսե Ալբարեսի խոսքով՝ Իսպանիան արդեն պարտավորվել է այս տարի Ուկրաինային մեկ միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրել։ Նրա խոսքով՝ Մադրիդը կարիք չուներ սպասելու բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի առաջարկին՝ Կիևին ցույց տալու համար, որ կարող է հույս դնել Իսպանիայի աջակցության վրա։

Reuters-ը, վկայակոչելով երեք դիվանագետների, հայտնում է, որ Սլովակիան նախարարների հանդիպման ժամանակ նշել է, որ չի արգելափակի Ուկրաինային օգնության ծրագիրը, սակայն հրաժարվում է իր ներդրումն ունենալ:

Կայա Կալլասի ծրագիրը նշանակում է այս տարի Ուկրաինային տրամադրվող ԵՄ ռազմական օգնության կրկնապատկումը։

Համաշխարհային տնտեսության Կիլի ինստիտուտի տվյալներով՝ Էստոնիան, Դանիան և Լիտվան Եվրոպայում առաջատարներն են Ուկրաինային տրամադրվող օգնության առումով՝ 2022 թվականի հունվարից մինչև 2024 թվականի դեկտեմբերը Կիևին տրամադրելով իրենց ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը: Եվրոպական երկրներից ցուցակի վերջին տեղերը զբաղեցնում են Իտալիան, Սլովենիան, Իսպանիան, Պորտուգալիան, Հունաստանը և Կիպրոսը, որոնք ծախսել են ՀՆԱ-ի 0,5%-ից պակաս։ Ցուցակի վերջին հորիզոնականը զբաղեցնում է Հունգարիան։

Նմանատիպ