Reuters - Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին է փոխանցել Մելանյա Թրամփի նամակը Ուկրաինայից առևանգված երեխաների մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անքորիջում հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինին փոխանցել է Մելանիա Թրամփի նամակը, որտեղ ԱՄՆ առաջին տիկինը գրում է Ուկրաինայում ընթացող պատերազմի ընթացքում առևանգված երեխաների մասին։
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու բարձրաստիճան պաշտոնյայի, սակայն նամակի բովանդակության այլ մանրամասներ անհայտ են։
ԱՄՆ առաջին տիկինը ներկա չի եղել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ալյասկայում։
«Ռոյթերս»-ի տվյալներով՝ Ուկրաինան ռուսական ուժերի կողմից երեխաների հարկադիր տեղափոխումը դեպի Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ համարում է ռազմական հանցագործություն։ Մոսկվան պնդում է, թե նրանք պարզապես պաշտպանում են խոցելի անչափահասներին պատերազմական գոտուց։
Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Անքորիջում՝ ամերիկյան ռազմական բազայում, տևել է մոտ երեք ժամ։