Reuters- ԱՄՆ արդարադատության նախարարությունը հանձնարարում է իր իրավաբաններին շտապ վերանայել Ջոն Քենեդիի սպանության հետ կապված ձայնագրությունները, որոնք պետք է հրապարակվեն երեքշաբթի օրը
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հանձնարարում է ազգային անվտանգության զգայուն հարցերով աշխատող իր իրավաբաններին շտապ վերանայել նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված ձայնագրությունները, որոնք պետք է հրապարակվեն երեքշաբթի օրը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հիմնվելով նրա տեսած էլ.փոստի վրա:
Երկուշաբթի երեկոյան ուղարկված էլեկտրոնային փոստի համաձայն, Ազգային անվտանգության բաժնի բարձրաստիճան պաշտոնյա Քրիստոֆեր Ռոբինսոնն ասել է, որ հետախուզության գրասենյակի օպերատիվ բաժնում աշխատող յուրաքանչյուր փաստաբան հանձնարարված է վերանայել 400-ից 500 փաստաթուղթ:
Ռոբինսոնը վերջնաժամկետ սահմանեց երեքշաբթի կեսօրին՝ ստուգումն ավարտելու համար: Վերանայումը վերաբերում է Ջոն Քենեդու, ինչպես նաև Ռոբերտ Քենեդու, Մարտին Լյութեր Քինգի և, հնարավոր է, այլոց սպանություններին վերաբերող գրառումներին:
Հունվարին Դոնալդ Թրամփը հրամայեց հրապարակել Քենեդու սպանության հետ կապված մոտ 80,000 էջ փաստաթղթեր, ինչպես նաև նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդու և քաղաքացիական իրավունքների պաշտպան Մարտին Լյութեր Քինգի սպանություններին առնչվող պետական գրառումները:
Ռոբինսոնի խոսքերով, ՀԴԲ-ի գործակալներն արդեն ուսումնասիրել են այդ փաստաթղթերից մի քանիսը, որպես բացահայտման վերանայման մի մաս:
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին, ՀԴԲ գործակալներին անցյալ շաբաթ կարգադրվել է դադարեցնել 1968 թվականին Ռոբերտ Քենեդու սպանության հետ կապված ընթացիկ գործերի և փաստաթղթերի ուսումնասիրությունը։
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդին սպանվել է Դալասում 1963 թվականի նոյեմբերի 22-ին։ Շուտով նրա սպանության մեջ կասկածվողը՝ նախկին ծովային հետեւակային Լի Հարվի Օսվալդը, ձերբակալվել է։ Սպանությունից երկու օր անց, երբ Օսվալդին տեղափոխում էին դաշնային բանտ, նրան մահացու գնդակահարեց տեղի գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին:
Ինչ վերաբերում է Ջոն Քենեդիի կրտսեր եղբորը՝ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ սենատոր Ռոբերտ Քենեդիին, ապա 1968-ին նա առաջադրվում էր Դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնում, սակայն հունիսի 5-ին Լոս Անջելեսում քարոզարշավի ժամանակ նա սպանվեց արաբ ներգաղթյալ Սիրհան Սիրհանի կողմից:
1969 թվականին Սիրհանը սպանության համար դատապարտվեց մահապատժի, սակայն 1972 թվականին պատիժը փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։
Թրամփի վարչակազմի Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի ղեկավար Ռոբերտ Քենեդին, ով սպանված գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդիի որդին է, պնդում է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը ներգրավված է եղել 35-րդ նախագահի սպանության մեջ, ինչը գործակալությունը կտրականապես հերքում է։ Նա նաև պնդում է, որ հոր սպանության մեջ ներգրավված են եղել ոչ թե մեկ, այլ մի քանի զինված անձինք։