Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ. «Ես վստահ եմ, որ տարածաշրջանում կայունություն հաստատելու Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ կիրականացվի»

16:52, 11.06.2026

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորությամբ գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում», – շնորհավորական նամակում նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Բացի այդ, Էրդողանը նամակում նշել է, որ վստահ է, որ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու, ինչպես նաև այս ուղղությամբ անհրաժեշտ համագործակցությունն ապահովելու ռազմավարական տեսլականը հաջողությամբ կիրականացվի։

«Մեկ անգամ ևս մաղթում եմ Ձեզ առողջություն և բարգավաճում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն», – ասվում է նամակում։

Նմանատիպ