Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ժողովրդահանրապետական կուսակցությունը փորձում է կոծկել իր սխալները և խաբել ժողովրդին, մենք ժամանակ չունենք վատնելու ընդդիմության թատերական ներկայացումների վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը փորձում է կոծկել իր սխալները և խաբել ժողովրդին «թատերական ներկայացումներով»։
«Այնքան են կորցրել հավասարակշռությունը, որ արդեն հարձակվում են մեր ոստիկանների վրա, սպառնում դատավորներին ու դատախազներին, եթե ուշադրություն դարձնեք, ՀԺԿ-ն ու նրա լրատվամիջոցները ոչ կոռուպցիայի, ոչ գողության, ոչ էլ դիպլոմների խնդրին չեն արձագանքում ու չեն կարող։ Փոխարենը նրանք ընտրում են հեշտ ճանապարհը՝ սադրել իրենց կողմնակիցներին և խաբել ժողովրդին՝ հարցը հասցնելով քաղաքական կարգախոսների», – ասել է Էրդողանը Անկարայում ունեցած ելույթում իր հիմնական քաղաքական հակառակորդ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։
Թուրքիայի նախագահի խոսքով, Ժողովրդահանրապետական կուսակցության խնդիրները երկրի խնդիրները չեն։
«Մենք, անձամբ, որպես կուսակցություն կամ դաշինք, ժամանակ չունենք վատնելու ընդդիմության թատերական ներկայացումների վրա»,- հավելել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։