Ռեջեփ Թայիփ Էրդողան. Վրաստանում ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները պարզ կդառնան հավաքված տվյալների և սև արկղի ուսումնասիրության արդյունքում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանում թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները պարզ կդառնան բոլոր հավաքված տվյալների և սև արկղի ուսումնասիրության արդյունքում։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի իշխանությունները կիսվելու են այդ տեղեկատվությամբ հասարակության հետ։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստից հետո։
«Աղետների քննությամբ զբաղվող խմբի կողմից հավաքված տվյալների և սև արկղի ուսումնասիրության արդյունքում մենք կկարողանանք ավելի հստակ հասկանալ այս ողբերգական միջադեպի մանրամասները, որը խլեց 20 մարդու կյանք։ Մենք բացահայտ կկիսվենք այս տեղեկություններով հասարակության, հատկապես զոհվածների ընտանիքների հետ», – ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ վթարից հետո զոհվածների մարմինների և սև արկղի որոնման աշխատանքները իրականացվել են օպերատիվ կերպով։ Նա շնորհակալություն է հայտնել բոլոր բարեկամ երկրներին, որոնք կիսել են Թուրքիայի վիշտը։
«Մենք ստացել ենք ցավակցական և համերաշխության ուղերձներ ամբողջ աշխարհից, հատկապես մեր եղբայրական երկրներից։ Մասնավորապես Վրաստանն ու Ադրբեջանը անմիջապես մոբիլիզացրին բոլոր ռեսուրսները, լիովին համագործակցեցին որոնողափրկարարական խմբերի տեղակայման, բեկորների հավաքման և տարածքի անվտանգության ապահովման հարցում», – նշել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Սիգնաղիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի և Ադրբեջանի սահմանին, թուրքական ռազմական ինքնաթիռը, որի բորտում եղել է 20 զինծառայող, կործանվել է։ Ինքնաթիռը կատարել է թռիչք Ադրբեջանից Թուրքիայի ուղղությամբ։