Ռեջեփ Թայիփ Էրդողան. Մեր ինքնաթիռի սև արկղը հայտնաբերվել է, և սկսվել է հետաքննություն, Վրաստանի կառավարությունը կցուցաբերի առավելագույն օգնություն և համագործակցություն այս գործընթացում
Թուրքիայի ռազմական բեռնատար ինքնաթիռի սեւ արկղը, որը կործանվել էր Վրաստանի տարածքում, հայտնաբերվել է։ Վրաստանի իշխանությունները ապահովում են գործընթացին առավելագույն աջակցությունն ու համագործակցությունը, իսկ մեր ադրբեջանցի եղբայրներն էլ ցուցաբերում են անհրաժեշտ աջակցությունն ու մասնակցությունը, – այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանը կրկին իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին։
«Երեկ գիշեր ապահովեցինք մեր 46 հոգանոց հետաքննչական խմբի ժամանումը դեպքի վայր։ Մեր ինքնաթիռի սեւ արկղը հայտնաբերվել է, և հետաքննությունն արդեն սկսված է։ Գտել ենք մեր 19 նահատակների մարմինները։ Վերջին մարմնի որոնումները շարունակվում են։ Այս ողբերգական միջադեպը հետաքննում ենք բոլոր տեսանկյուններից։ Վրաստանի իշխանությունները ցուցաբերում են առավելագույն աջակցություն եւ համագործակցություն։ Մեր ադրբեջանցի եղբայրներն էլ ապահովում են անհրաժեշտ աջակցությունն ու մասնակցությունը», – հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Սիգնախիի մունիցիպալիտետում՝ Վրաստանի պետական սահմանից մոտ 5 կմ հեռավորության վրա, թուրքական ռազմական ինքնաթիռ է կործանվել։ Ինքնաթիռը իրականացնում էր թռիչք Ադրբեջան-Թուրքիա ուղղությամբ։ Փաստի առթիվ քննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով, որը վերաբերում է օդային փոխադրամիջոցների շարժման անվտանգության կամ շահագործման կանոնների խախտմանը, որի հետևանքով մահ է արձանագրվել։