Ռեջեփ Թայիփ Էրդողան. Հորմուզի նեղուցի ճգնաժամը ցույց տվեց, որ թյուրքական աշխարհը միավորող նախագծերը, հատկապես «Միջին միջանցքը», երկար տարիներ կլինեն մեր առաջնահերթությունը
Ինչպես ցույց տվեց Հորմուզի նեղուցի հետ կապված ճգնաժամը, թյուրքական աշխարհը միավորող տրանսպորտային նախագծերը, հատկապես «Միջին միջանցքը», երկար տարիներ լինելու են մեր առաջնահերթությունը,– այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ անմիջական հարևանությամբ առկա ճգնաժամերը ևս մեկ անգամ ցույց տվեցին թյուրքական աշխարհի համերաշխության ռազմավարական արժեքը։
«Աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում մենք պետք է ուժեղացնենք մեր խորհրդակցական մեխանիզմները և համակարգումը։ Պաղեստինում, Լիբանանում, Իրանում, Ուկրաինայում և բազմաթիվ այլ երկրներում առկա ճգնաժամերը մատնանշում են մեր պաշտպանունակության հզորացման և արդյունաբերական ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։ Ի դեմս Թուրքիայի՝ մենք պատրաստ ենք մեր կազմակերպության անդամների հետ կիսել բարձր տեխնոլոգիաներով ձևավորված պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռք բերված փորձը»,– նշել է Էրդողանը։