Ռասա Յուկնևիչիենե. Թվում է, թե Հայաստանը դառնում է եվրոպական հույսի առաջնորդը Հարավային Կովկասի տարածաշրջանում
«Հարավային Կովկասի տարածաշրջանում, ինչպես երևում է, եվրոպական հույսի առաջատարն այսօր Հայաստանն է, և ձեզ կոչ եմ անում ավելի համարձակ արձագանքել նրանց մեկնած ձեռքին», – այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որտեղ ընդլայնման հարցերով եվրահանձնաժողովար Մարթա Կոսը ներկայացրել է ԵՄ ընդլայնման վերաբերյալ 2025 թվականի զեկույցը։
Յուկնևիչենեի գնահատմամբ՝ «Վրացական երազանքը» այլևս չի վերադառնա եվրոպական ուղու վրա։
«Այս դահլիճում ներկա մի քանի գործընկեր անցած շաբաթ մասնակցել էին Երևանում կայացած ԵՎՐՈՆԵՍՏ-ի վեհաժողովի նիստին։ Ինչպես երևում է, Հայաստանը դառնում է Հարավային Կովկասում եվրոպական հույսի առաջատար, մինչդեռ Վրաստանը երևում է հենց այնպես, ինչպես դուք նկարագրեցիք։ Ձեզ կոչ եմ անում ավելի համարձակորեն արձագանքել հայերի մեր հանդեպ մեկնած ձեռքին։ Մենք պետք է ավելի իրատես լինենք Վրաստանի հարցում։ «Վրացական երազանքը» չի վերադառնա եվրոպական ուղու վրա։ Սա Կրեմլի մարիոնետային ռեժիմ է։ Մենք կարող ենք կիրառել պատժամիջոցներ և սահմանափակել առանց վիզայի ռեժիմը բոլոր պատասխանատու անձանց համար՝ ի աջակցություն վրաց ժողովրդի, որը արդեն մեկ տարի է՝ փողոցում պայքարում է եվրոպական Վրաստանի համար։ Սրանց մեջ ներառվում են նաև ապատեղեկատվություն տարածող ալիքները, որոնցից մեկը դեռևս ազատ գործում է այստեղ։
«Russia Today»-ը և «Sputnik»-ը արգելափակված են, մինչդեռ «Վրացական երազանքի» ալիք «Իմեդին» շարունակում է ազատորեն գործել և տարածել ատելության խոսք եվրոպացի քաղաքական գործիչների դեմ։ Ցանկանում եմ իմանալ՝ ինչ օգնություն է ցուցաբերվում ԵՄ-ի կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ, քանի որ ռեժիմի կողմից հետապնդվող կազմակերպությունների մեծ մասը մինչ այժմ որևէ աջակցություն չի ստացել»,- նշել է Յուկնևիչենեն։